AM
27 July 2023 - 08:10 AMT

Բորել․ Աղդամը չի կարող այլընտրանք լինել Լաչինի բացմանը՝ Բաքուն պարտավոր է ազատ երթևեկ ապահովել Լաչինով

Եվրամիությունը խորապես մտահոգված է «նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի» բնակչության վրա ազդող հումանիտար լուրջ իրավիճակով՝ երթևեկությունը Լաչինի միջանցքով դժվարացած է ավելի քան 7 ամիս չնայած այն վերաբացելու Արդարադատության միջազգային դատարանի դատավճռին։ Այդ մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ։

Նա նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են առաջիկայում երաշխավորել Լաչինի միջանցքով անվտանգ և ազատ երթևեկությունը և թույլ չտալ ճգնաժամի հետագա խորացում:

«Մենք ի գիտություն ենք ընդունել Ադրբեջանի իշխանությունների պատրաստակամությունը` մթերքներ մատակարարել նաև Աղդամ քաղաքով: Սակայն դա չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ լրջորեն տուժել է ԿԽՄԿ գործունեությունը տարածաշրջանում։ ԵՄ-ն կոչ է արել լիարժեք վերականգնել այն՝ այդ թվում բուժտարհանումն ու հումանիտար օգնության մատակարարումը։

ԵՄ հայտարարության մեջ շեշտվում է, որ հումանիտար օգնությունը չպետք է քաղաքականացվի։

ԵՄ դիվանագիտության ղեկավարը նաև նշում է, որ Եվրոպական Միությունը ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու և Բաքվի ու Ստեփանակերտի միջև երկխոսությունը խթանելու գործում։

Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Հուլիսի 26-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը հասել է Կոռնիձորի սահմանային հատված և կայանել Հակարիի կամրջի հարևանությամբ։ Հումանիտար բեռն Արցախ մտցնելու համար հարկավոր է ստանալ տեղում ծառայություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորամիավորման համաձայնությունն ու արձագանքը։ Հուլիսի 27-ի առավոտվա դրության շարասյունը դեռ նույն տեղում է։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե հումանիտար շարասյան անցումը չի համաձայնեցվել Բաքվի հետ, իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե «խաղն ավարտված է»։ Նա հայտարարել է, թե Բրյուսելում կայացած հանդիպմանն, իբր, պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհն օգտագործել մատակարարումների համար՝ հավելելով, որ «այդ հարցը նշված է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարության մեջ»։ Հայկական կողմը հայտարարել է, որ նման պայմանավորվածություն չի եղել։