Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարություն է տարածել ըստ որի ԱՀ կառավարության որոշմամբ շուկայում ապրանքի վաճառքի թույլատրելի գնից բարձր գնով վաճառք իրականացնող տնտեսվարողից վաճառվող ապրանքը հարկադրաբար վերցվելու եվ պետության կողմից սահմանված գնով իրացվելու է բնակչությանը։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Թեև Արցախի շրջափակման մերօրյա պայմաններում շուկայում իրացման ենթակա ապրանքները գրեթե սպառված են, այդուհանդերձ եղածն էլ մեր շարքերում գտնվող նյութապաշտների կողմից բացահայտ կամ գաղտնի եղանակով բնակչությանն իրացվում է սահմանված գներից անհամեմատ բարձր արժեքով:
Հույս ունենալով, որ իրավիճակը կարող է ինքնակարգավորվել, ստեղծված պայմաններում պետությունը որոշակիորեն զերծ է մնացել կարգավորման վարչական մեթոդներ ու հարկադրանքի միջոցներ կիրառելուց, սակայն ընթացքը ցույց տվեց, որ առանց կոշտ քայլերի կարգավորման հասնել հնարավոր չէ:
ԱՀ կառավարության կողմից հուլիսի 26-ին ընդունված որոշմամբ շուկայում ապրանքների վաճառքի սահմանված թույլատրելի առավելագույն գնի խախտում թույլ տված անձինք ոչ միայն ենթարկվելու են վարչական պատասխանատվության, այլև նրանց կողմից հետագա խախտումը բացառելու համար վաճառքի ենթակա ապրանքը սահմանված արժեքով փոխհատուցելու եղանակով հարկադրաբար վերցվելու է ու պետական կազմակերպության միջոցով մատչելի գնով իրացվելու է բնակչությանը:
Որևէ կերպ չեն օգնելու նաև գյուղացուց ապրանքը թանկ գնելու մասին պատճառաբանությունները, թանկ են վաճառում, մի գնեք»,-ասվում է գրառման մեջ։
Նա նշել է, որ գործընթացը սկսվելու է հուլիսի 27-ից, իսկ ընթացքը վերահսկելու է անձամբ ինքը:
Ներսիսյանը հավելել է, որ Արցախում իրավիճակը կարգավորվելուց հետո շրջափակման ընթացքում տեղի ունեցած բոլոր երևույթները և դրանց հեղինակները մեկ առ մեկ ենթարկվելու են բարոյական ու իրավական դատապարտման։
«Ոչ ոք թող չկասկածի դրանում, թող ոչ մեկին չթվա, թե ինքը աննկատ է մնացել»,-ասել է նա։
Լաչինի միջանցքը փակ է 2022-ի դեկտեմբերի 12-ից: 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին ոչ մի մեքենա չի անցել։
Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Հուլիսի 26-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը հասել է Կոռնիձորի սահմանային հատված և կայանել Հակարիի կամրջի հարևանությամբ։ Հումանիտար բեռն Արցախ մտցնելու համար հարկավոր է ստանալ տեղում ծառայություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորամիավորման համաձայնությունն ու արձագանքը։ Հուլիսի 27-ի առավոտվա դրության շարասյունը դեռ նույն տեղում է։