Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախում տիրող հումանիտար վատթար իրավիճակի և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ։
«Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի կողմից Լաչինի միջացքի արգելափակման կապակցությամբ, որը հակասում է հրադադարի համաձայնություններով ստանձնած պարտավորություններին և վնասում է բանակցային գործընթացին։ Ֆրանսիան իր ամբողջական աջակցությունն է հայտնում Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա ազդող հումանիտար իրավիճակի վերաբերյալ հուլիսի 26-ի հայտարարությանը»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ, գրում է Factor.am-ը։
Փարիզն Ադրբեջանին կոչ է անում կատարել իր միջազգային պարտավորությունները, մասնավորապես՝ կիրառել Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման մեջ նշված միջանկյալ միջոցները, որոնք պարտադիր են։
«Կոչ ենք անում վերականգնել բեռների, մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով և բնակչությանը գազով ու էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարումով»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ ԵՄ-ի հետ մեկտեղ՝ Ֆրանսիան լիովին հավատարիմ է մնում տարածաշրջանում կայուն և արդար խաղաղության հաստատմանը։
Լաչինի միջանցքը փակ է 2022-ի դեկտեմբերի 12-ից: 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին ոչ մի մեքենա չի անցել, ևս մեկ մեքենա է անցել հուլիսի 27-ին։