Ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը Bunin & Cо Տելեգրամ ալիքում, մեկնաբանելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի վերջին հանդիպումները, նշել է, որ Հայաստանն ամեն կերպ փորձում է ամրապնդել սեփական անվտանգության արտաքին աղբյուրները՝ դիմելով ոչ միայն ՌԴ-ին կամ Արևմուտքին, այլև բոլոր նրանց, ովքեր պատրաստ են ընդունել նրա փաստարկները՝ լինի դա Իրանը կամ Հնդկաստանը։
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ մոսկովյան եռակողմ հանդիպումից առաջ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Թեհրանում էր, որտեղ հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանի հետ։
Ըստ Մարկեդոնովի, իրանյան այդ այցը մնաց մոսկովյանի ստվերում, թեև այն շեշտակի ուշադրության է արժանի։
«Այն բանից հետո, երբ 2022-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը, որը եզակի հարթակ էր ՌԴ և Արևմուտքի գործակցության առումով, փաստացի «սառեցվեց», փորձագետների մեծ մասը սկսեցին նկարագրել հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ գործընթացները որպես ՌԴ և ԱՄՆ միջև սառը պատերազմի հերթական «ռեմեյք»։ Մինչդեռ, կովկասյան օրակարգը շատ ավելի բարդ է։ Ո՞ւր դասել Իրանի դիրքորոշումը։ Ակնհայտ է, որ ոչ արևմտամետին։ Թեհրանը հետևողականորեն դեմ է հանդես գալիս «արտատարածաշրջանային խաղացողների» միջամտությանը կովկասյան գործերին։ Միևնույն ժամանակ Թեհրանին ռուսամետ էլ չես անվանի։ Իրանը չի ճանաչել և չի պատրաստվում ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։ Թեհրանին նաև մտահոգում են Մոսկվայի հարաբերությունները Թուրքիայի ու Իսրայելի հետ, առավել ևս, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հանդիպելու են հուլիսի 28-ին՝ անձամբ ամրապնդելու «ջերմացումը» երկու երկրների միջև»,-գրում է Մարկեդոնովը։
Քաղաքագետը հիշեցնում է, որ Թուրքիան և Իսրայելը Բաքվի առանցքային ռազմական և քաղաքական գործընկերներն են, ի դեմս որոնց Իրանը տեսնում է (թեև ոչ միշտ հիմնավորված) արևմտյան «պրոքսիների» Կովկասում։
«Հավելենք անհանգստությունն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման և ՀՀ հնարավոր տարածքային զիջումների հարցում (խոսքն արդեն ոչ թե Ղարաբաղի, այլ ՀԽՍՀ տարածքի մասին է)։ Այս ամենի շնորհիվ Իրանն առանձնահատուկ խաղացող է տարածաշրջանում և դա ստիպում է, որ Իրանը ձեռքը պահի Կովկասյան տարածաշրջանի զարկերակի վրա՝ գիտակցելով հանդերձ սեփական ռեսուրսների սղությունը և սեփական «արմատացումը» տարածաշրջանում, ի տարբերություն Մերձավոր Արևելքի»
Իսկ Հայաստանն իր բոլոր ուժերի չափով փորձում ամրապնդել սեփական անվտանգության արտաքին աղբյուրները՝ դիմելով ոչ միայն ՌԴ-ին կամ Արևմուտքին, այլ նաև բոլոր նրանց, ով պատրաստ է ընդունել նրա փաստարկները՝ դա կլինի Իրանը թե Հնդկաստանը»,-ասվում է Մարկեդոնովի հրապարակման մեջ։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը, որը հուլիսի 24-ին աշխատանքային այցով ԻԻՀ-ում էր, ասել է, որ Թեհրանը չի ընդունում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն և տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխություն։ Նա նշել է, որ Իրանն աջակցում է տարածաշրջանի բոլոր երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը
Միրզոյանն էլ, գնահատելով Իրանի դիրքորոշումը կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, հայտարարել է, որ Հայաստանը երբեք հարթակ չի դառնա հակաիրանական գործողությունների համար և միշտ կարևորում է տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ընդլայնումը։ Նա կարևորել է նաև երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների խորացումն ու ամրապնդումը։