AM
28 July 2023 - 07:36 AMT

ԱՀ ՄԻՊ․ Ադրբեջանի արձագանքը սպասելի էր

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն տեղի հանրային հեռուստատեսության եթերում, անդրադառնալով Երևանից ուղարկված մոտ 400 տոննա հումանիտար բեռին, որը մինչ այժմ Կոռնիձորում է, ասել է, որ Ադրբեջանի արձագանքն անսպասելի չի համարում:

Նրան ավելի շատ զարմացրել էին այն մարդկանց լավատեսական ակնկալիքները, ովքեր ցեղասպանական գործողություններ իրականացնող պետությունից մարդասիրական ժեստ էին ակնկալում: Ստեփանյանը նշել է, որ Ադրբեջանը, որը հումանիտար բեռի առաքումը «սադրանք է» որակել, անթաքույց է իրականացնում իր քաղաքականությունը։

Նա ասել է նաև, որ միջազգային դերակատարները, այս ամենը տեսնելով, պետք է հասկանան, որ Ադրբեջանի պնդումները ԼՂ հայերի իրավունքները պաշտապնելու մասին, սին են։

Ստեփանյանը նաև դրական բան է տեսել այս իրավիճակում, քանի որ այսքանից հետո անգամ ամենախաղաղասերների համար պետք է ակնհայտ դառնան Ադրբեջանի նպատակները:

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե «հայկական կողմից մարդասիրական բեռների պատրվակով ավտոշարասյուններ ուղարկելն Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ՝ առանց մեր երկրի հետ պայմանավորվածության, հերթական սադրանքն է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ»։

Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Հուլիսի 26-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը հասել է Կոռնիձորի սահմանային հատված և կայանել Հակարիի կամրջի հարևանությամբ։ Հումանիտար բեռն Արցախ մտցնելու համար հարկավոր է ստանալ տեղում ծառայություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորամիավորման համաձայնությունն ու արձագանքը։ Հուլիսի 27-ի առավոտվա դրության շարասյունը դեռ նույն տեղում է։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե հումանիտար շարասյան անցումը չի համաձայնեցվել Բաքվի հետ, իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե «խաղն ավարտված է»։ Նա հայտարարել է, թե Բրյուսելում կայացած հանդիպմանն, իբր, պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհն օգտագործել մատակարարումների համար՝ հավելելով, որ «այդ հարցը նշված է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարության մեջ»։ Հայկական կողմը հայտարարել է, որ նման պայմանավորվածություն չի եղել։