Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի խորհրդական Ժան-Իվ Քամյուին՝ կողմերը քննարկել են ԱՀ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման հնարավորությունները, ինչպես նաև Ֆրանսիայի շրջանների և քաղաքների կողմից Արցախ հումանիտար բեռներ ուղարկելու ծրագրերը։
Հանդիպման սկզբում զրուցակիցները քննարկել են Արցախի լիակատար պաշարման հետևանքով առաջացած հումանիտար ծանրագույն իրավիճակը: Նախարարը մանրամասներ է ներկայացրել տարբեր ոլորտներում առաջացած հումանիտար բնույթի խնդիրների վերաբերյալ, տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն։
Ժան-Իվ Քամյուն Անն Իդալգոյի անունից մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի համար և փոխանցել Փարիզի քաղաքապետի դիրքորոշումն առ այն, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի անհապաղ և առանց որևէ նախապայմանի։
Սերգեյ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին և ժողովրդին՝ Արցախի հարցում մշտապես դրսևորվող համարձակ ու ազնիվ դիրքորոշման համար։
Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Հուլիսի 26-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը հասել է Կոռնիձորի սահմանային հատված և կայանել Հակարիի կամրջի հարևանությամբ։ Հումանիտար բեռն Արցախ մտցնելու համար հարկավոր է ստանալ տեղում ծառայություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորամիավորման համաձայնությունն ու արձագանքը։ Հուլիսի 27-ի առավոտվա դրության շարասյունը դեռ նույն տեղում է։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե հումանիտար շարասյան անցումը չի համաձայնեցվել Բաքվի հետ, իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե «խաղն ավարտված է»։ Նա հայտարարել է, թե Բրյուսելում կայացած հանդիպմանն, իբր, պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհն օգտագործել մատակարարումների համար՝ հավելելով, որ «այդ հարցը նշված է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարության մեջ»։ Հայկական կողմը հայտարարել է, որ նման պայմանավորվածություն չի եղել։