Հուլիսի 27-ին Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստում օրենք է ընդունվել ռազմական դրության պայմաններում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման վերաբերյալ։
Ներկայացնելով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները՝ Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ժիրայր Միրզոյանն ընդգծել է ռազմական դրության պայմաններում գույքային իրավունքների կարգավորման անհրաժեշտությունը, հայտնում է Արմենպրեսը։
Նրա խոսքով՝ 2020 թվականի պատերազմական գործողություններից հետո ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում կատարված փոփոխությամբ սահմանվել է հնարավորություն վճարի դիմաց օգտագործման վերցնել ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը:
«Օրենքի փոփոխության հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերով կարգավորվեցին պետբյուջեի միջոցների հաշվին ամենամսյա վճարի տրամադրման հետ կապված հարաբերությունները: Ներկայում գույքը վարձակալությամբ տված ֆիզիկական և իրավաբանական անձանց զգալի մասը գտնվում է Արցախի սահմաններից դուրս և գործնականում ստացվում է այնպես, որ գույքը հանձնվում է վարձակալության դրա դիմաց բռնի տեղահանվածներին բնակարանային ապահովության նպատակով, վճարները պետական բյուջեի միջոցներից են վճարվում, և այդ գումարները Արցախի սահմաններից դուրս են գնում»,-ներկայացրել է Միրզոյանը։
Նա հավելել է, որ ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում կատարվող փոփոխություններով առաջարկվում է ռազմական դրության պայմաններում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման դիմաց ամենամսյա վճար վճարելու պարտականությունը հանել:
Միաժամանակ գույքի օգտագործման անհրաժեշտության վերացման դեպքում, եթե գույքը վերադարձվում է վնասված, ապա գույքի օրինական տիրապետողի դիմումի հիման վրա նրան կտրվի համարժեք փոխհատուցում՝ Արցախի կառավարության սահմանած կարգով, ժամկետներում և չափով:
Լաչինի միջանցքը փակ է 2022-ի դեկտեմբերի 12-ից: 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին ոչ մի մեքենա չի անցել, ևս մեկ մեքենա է անցել հուլիսի 27-ին։






