Նիդերլանդների ԱԳՆ–ն լրջորեն մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակով և լիովին աջակցում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեֆ Բորելի հայտարարությանը։ Այդ մասին ասվում է ԱԳՆ Twitter-ի միկրոբլոգում։
«Նիդերլանդները լուրջ մտահոգությամբ է հետևում հումանիտար իրավիճակին, որն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի բնակչության վրա, և լիովին սատարում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեֆ Բորելի հայտարարությանը»,-ասվում է գրառման մեջ։
Բորելը հուլիսի 26-ին հայտարարել էր, որ Ադրբեջանը պարտավոր է ամենակարճ ժամկետում երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով և թույլ չտալ հետագա սրացում։ Նա նաև նշել էր, որ Աղդամով երթուղին չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի բացման այլընտրանք։