Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հեռանում է պաշտոնից։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավատարիմ կմնամ 1991 թվականին մեր ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված գաղափարին:
Մինչև վերջին շունչս ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին, Արցախի Հանրապետությանը և նրա ժողովրդին:
Աստված պահապան Հայաստան աշխարհին: Վաղը կներկայացնեմ հրաժարականի դիմում»,-ասվում է գրառման մեջ:
Լաչինի միջանցքը փակ է 2022-ի դեկտեմբերի 12-ից: 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին ոչ մի մեքենա չի անցել, ևս մեկ մեքենա է անցել հուլիսի 27-ին։