AM
28 July 2023 - 12:15 AMT

Բայրամովն ու Աբդոլահիանը քննարկել են Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակը

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել ու մտքեր փոխանակել երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հիմնական հարցերի շուրջ, գրում է Մեհր գործակալությունը։

Բայրամովը ներկայացրել է ՀՀ հետ բանակցությունների և Լաչինի միջանցքի հետ կապված վերջին զարգացումները։

Բայրամովը հայտարարել է, թե Արցախում «հումանիտար իրավիճակի մասին վերջին պնդումները ոչ այլ ինչ են, քան քաղաքական շահարկումներ» ու Հայաստանին մեղադրել «սադրանքների մեջ», հայտնում է Factor.am-ը։

Բայրամովը նաև Ադրբեջանի երախտագիտությունն է հայտնել «Ղարաբաղի հարցում Իրանի կառուցողական դիրքորոշումների համար»։ Երկու կողմերը նաև ոչ կառուցողական են համարել «տարածաշրջանում օտար ուժերի ներկայությունն ու միջամտությունը»՝ միաժամանակ ընդգծելով տարածաշրջանի երկրների և դերակատարների կողմից տարածաշրջանային խնդիրների լուծման անհրաժեշտությունը։

Իրանի ԱԳՆ հաղորդմամբ՝ Աբդոլահիանը հայտարարել է, որ երկու երկրների միջև համագործակցության գործընթացը ներկայումս գտնվում է կառուցողական և դրական ուղու վրա։ Նա հաջող է որակել Իրանի և Ադրբեջանի տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի ղեկավարների վերջին հանդիպումը Աստարայում՝ հավելելով, որ երկու երկրների միջև դրական պայմանավորվածություններ են ձեռք բերվել հատկապես երկաթուղային և ճանապարհային ոլորտում։

Բայրամովն էլ իր հերթին իրանցի գործընկերոջ վերջին այցը Բաքու նշանակալի է համարել։ Նա հավելել է, որ «այցից հետո ամենակարճ ժամկետում կարող են տեսնել դրա դրական ազդեցությունը երկկողմ հարաբերությունների վրա»։

Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Հուլիսի 26-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը հասել է Կոռնիձորի սահմանային հատված և կայանել Հակարիի կամրջի հարևանությամբ։ Հումանիտար բեռն Արցախ մտցնելու համար հարկավոր է ստանալ տեղում ծառայություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորամիավորման համաձայնությունն ու արձագանքը։ Հուլիսի 27-ի առավոտվա դրության շարասյունը դեռ նույն տեղում է։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե հումանիտար շարասյան անցումը չի համաձայնեցվել Բաքվի հետ, իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե «խաղն ավարտված է»։ Նա հայտարարել է, թե Բրյուսելում կայացած հանդիպմանն, իբր, պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհն օգտագործել մատակարարումների համար՝ հավելելով, որ «այդ հարցը նշված է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարության մեջ»։ Հայկական կողմը հայտարարել է, որ նման պայմանավորվածություն չի եղել։