AM
29 July 2023 - 08:11 AMT

Արցախի ԱԺ նախագահը հրաժարական է տվել

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական է տվել, հայտնում է Արցախի ԱԺ մամուլի ծառայությունը։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ տալիս եմ հրաժարական Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից»,-ասված է դիմումում։

Պաշտոնից հրաժարվելու մտադրության մասին Թովմասյանը հայտնել էր հուլիսի 28-ին։

«Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավատարիմ կմնամ 1991 թվականին մեր ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված գաղափարին»,-գրել էր նա ֆեյսբուքյան իր էջում։

Արթուր Թովմասյանն Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ է ընտրվել 2020 թվականի մայիսի 21-ին՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանում։