AM
29 July 2023 - 09:51 AMT

ԵԽ գլխավոր քարտուղարը կրկնել է Լաչինի միջանցքը բացելու կոչը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը «չափազանց մտահոգված է ԼՂ-ում հումանիտար իրավիճակով»։ Նրա կրկնել է Լաչինի միջանցքը բացելու իր նախորդ կոչերը։

«Ես չափազանց մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում հումանիտար և մարդու իրավունքների հետ կապված լուրջ իրավիճակով և իմ մտքերն այն մարդկանց հետ են, որոնք կրում են այս իրավիճակի ծանրությունը։

Ես վճռականորեն կրկնում եմ իմ նախկին կոչերը՝ վերականգնելու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Ուշադրություն եմ հրավիրում 7 ամիս առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Լաչինի միջանցքի վերաբերյալ ընդունված միջանկյալ միջոցների վրա»,- ասվում է Բուրիչի հայտարարության մեջ։

Բուրիչը նաև կոչ է արել կողմերին իրական երկխոսության մեջ մտնել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ անցումն արագ ապահովելու նպատակով։

«Այդ երկխոսությունը նաև պետք է հանգեցնի լարվածության թուլացմանը և խաղաղության վերականգնմանը, այդ թվում համաձայն այն պարտավորությունների, որոնք Հայաստանը և Ադրբեջանը ստանձնել են ավելի քան 23 տարի առաջ Եվրոպայի խորհրդին անդամակցելիս»,- ասվում է հայտարարության մեջ։

Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Հուլիսի 26-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը հասել է Կոռնիձորի սահմանային հատված և կայանել Հակարիի կամրջի հարևանությամբ։ Հումանիտար բեռն Արցախ մտցնելու համար հարկավոր է ստանալ տեղում ծառայություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորամիավորման համաձայնությունն ու արձագանքը։ Հուլիսի 27-ի առավոտվա դրության շարասյունը դեռ նույն տեղում է։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե հումանիտար շարասյան անցումը չի համաձայնեցվել Բաքվի հետ, իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե «խաղն ավարտված է»։ Նա հայտարարել է, թե Բրյուսելում կայացած հանդիպմանն, իբր, պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհն օգտագործել մատակարարումների համար՝ հավելելով, որ «այդ հարցը նշված է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարության մեջ»։ Հայկական կողմը հայտարարել է, որ նման պայմանավորվածություն չի եղել։