AM
29 July 2023 - 10:13 AMT

Ռուբեն Վարդանյանը` Swiss Impact with Banerjis-ին. Պետք է ճնշում գործադրել՝ դեպի Արցախ օդային միջանցք բացելու համար

Հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող և «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել շվեյցարական հեղինակավոր Swiss Impact with Banerjis հեռուստածրագրին:

Նա շեշտել է, որ պետք է ճնշում գործադրել՝ դեպի Արցախ օդային միջանցք բացելու համար։

Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է ադրբեջանական շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված դժվարին իրավիճակն ու խորացող հումանիտար ճգնաժամը: Նա նաև խոսել է «Մենք ենք մեր սարերը» գործակալության կողմից Արցախում իրականացվող սոցիալական, ենթակառուցվածքային ու կրթական ծրագրերի մասին։

«Ցավոք, վերջին յոթ ամիսներին Արցախում մենք չունենք ո՛չ սնունդ, ՛ոչ լույս, ո՛չ գազ։ Ամեն ինչ սահմանափակված է մեր ներքին ռեսուրսներով։ Մինչև հունիսի 15-ը գոնե ռուս խաղաղապահներին և Կարմիր խաչին թույլատրվում էր որոշ դեղորայք և մարդասիրական օգնություն բերել Արցախ, սակայն դրանից հետո այդ ճանապարհն էլ է ամբողջությամբ փակվել, և հիմա մենք տոտալ շրջափակման մեջ ենք. ոչ ոք չի կարողանում տեղաշարժվել, ոչ ոք ոչ մի տեղից չի կարողանում ոչինչ ձեռք բերել, մենք ունենք միայն մեր ներքին ռեսուրսները, որոնց հաշվին էլ մարդիկ ողջ են մնում, բայց սա իսկապես չափազանց վտանգավոր իրավիճակ է»,-ասել է նա։

Հարցազրուցը վարող Սվետա Բեներջին նշել է, որ դա խելագարություն է՝ ինչպե՞ս կարող է այս ամենը տեղի ունենալ 21-րդ դարում: Անհավանական է լսել նման պատմություններ, որոնք դեռ տեղի են ունենում և որոնց մասին մարդիկ չեն լսում լուրերի թողարկումներում, արևմտյան լրատվամիջոցներում:

Վարդանյանը պատասխանել է նաև այն հարցին, թե ինչպես կարող է հանգուցալուծվել իրավիճակը, ինչ պետք պետք է անել։

«Գիտեք, ես հավատում եմ, որ երբ ներսումդ ուժեղ ես, երբ զգում ես, որ պաշտպանելու ես քո սեփական տանը, քո հողում ապրելու իրավունքը, երբ համախմբում ես մարդկանց, որոնք, չնայած բոլոր դժվարություններին, ասում են, որ չեն հանձնվելու, չեն ապրելու Ադրբեջանի ենթակայությամբ, մի ռեժիմի, որը գալու է ու ավերելու է մեր տարածքները, ավերելու է մեր վանքերը, մեր մշակութային ժառանգությունը․․․Վերջին 30 տարիների պատերազմների ընթացքում: Մենք պարտավորություն ունենք այս սերնդի առջև։ Մարդիկ տեսնում են, որ, չնայած բոլոր մարտահրավերներին, մենք պահել ենք Արցախը հայկական, դրա համար էլ մենք պետք է կատարենք այս պարտավորությունը, պետք է գալիք սերնդին ներարկենք Արցախը հայկական պահելու պատասխանատվության զգացումով:

Տեսեք, Ադրբեջանում երկիրը 44 տարի կառավարվում է մեկ ընտանիքի կողմից։ Դա ավտորիտար ռեժիմ է, ոչ թե ժողովրդավարություն: Նավթն ու գազը փողի մեծ հոսքեր են, բայց դա կայուն չէ՝ իսկապես կայուն հասարակություն ձևավորելու համար: Մենք ապրում ենք շատ խելացնոր ժամանակաշրջանում։ Այդ իսկ պատճառով, քանի դեռ մենք մեզ ամուր ենք պահում, վստահ եմ, որ աջակցություն կստանանք այլ ժողովուրդներից ու այլ պետություններից»,-ասել է նա։

Այն հարցին, թե ինչպես կարող են մարդիկ աջակցել, Վարդանյանն ասել է, որ առաջին հերթին՝ անտարբեր չլինելով՝ ճնշում գործադրելով բոլոր կառավարությունների և բոլոր կազմակերպությունների վրա Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում և այլուր, որ նրանք գործեն, որ չանտեսեն այս հակամարտությունը, որը կարող է ոչնչացնել աշխարհի հնագույն քրիստոնեական բնակավայրերից մեկը։

«Երկրորդը՝ մարդասիրական օդային միջանցքի ստեղծումն է, որը կարող է իսկապես կարևոր դառնալ, եթե սոցիալական ազդեցության ներդրողները, սոցիալական բարերարները կարողանան ստեղծել հատուկ օդուղի, ապա դա հիմա չափազանց կարևոր կլինի, դա պետք է անհապաղ արվի։

Երրորդը՝ չնայած մեր առջև ծառացած բոլոր մարտահրավերներին, մենք ուրախ կլինենք մտածել որոշ նախագծերի շուրջ, միասին ինչ-որ բան կառուցել, ինչ-որ բան անել կրթության, ՏՏ ոլորտներում, նաև այլ բնագավառներում և փորձել կիսվել մեր սեփական փորձով, մեր գիտելիքներով, ինչպես նաև, օրինակ, թե ինչպես գոյատևել ներկա միջավայրում»,-ասել է Վարդանյանը։

Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Հուլիսի 26-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը հասել է Կոռնիձորի սահմանային հատված և կայանել Հակարիի կամրջի հարևանությամբ։ Հումանիտար բեռն Արցախ մտցնելու համար հարկավոր է ստանալ տեղում ծառայություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորամիավորման համաձայնությունն ու արձագանքը։ Հուլիսի 27-ի առավոտվա դրության շարասյունը դեռ նույն տեղում է։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե հումանիտար շարասյան անցումը չի համաձայնեցվել Բաքվի հետ, իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե «խաղն ավարտված է»։ Նա հայտարարել է, թե Բրյուսելում կայացած հանդիպմանն, իբր, պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհն օգտագործել մատակարարումների համար՝ հավելելով, որ «այդ հարցը նշված է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարության մեջ»։ Հայկական կողմը հայտարարել է, որ նման պայմանավորվածություն չի եղել։