AM
29 Հուլիս 2023 - 12:21 AMT

Կիպրոսն Ադրբեջանին կոչ է արել վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը

Կիպրոսն Ադրբեջանին կոչ է արել շտապ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը: Այդ մասին ասվում է Կիպրոսի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Կիպրոսը դատապարտում է Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը և խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամով», – ասվում է Twitter-ի գրառման մեջ, հայտնում է Sputnik Արմենիան։

Գերատեսչությունը կարծում է, որ Ադրբեջանը պետք է շտապ վերացնի շրջափակումը և երաշխավորի անվտանգությունն ու ազատ տեղաշարժը ՝ համաձայն 2020 թվականի հրադադարի մասին հայտարարության և Միջազգային դատարանի որոշման:

Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Հուլիսի 26-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը հասել է Կոռնիձորի սահմանային հատված և կայանել Հակարիի կամրջի հարևանությամբ։ Հումանիտար բեռն Արցախ մտցնելու համար հարկավոր է ստանալ տեղում ծառայություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորամիավորման համաձայնությունն ու արձագանքը։ Հուլիսի 27-ի առավոտվա դրության շարասյունը դեռ նույն տեղում է։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե հումանիտար շարասյան անցումը չի համաձայնեցվել Բաքվի հետ, իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե «խաղն ավարտված է»։ Նա հայտարարել է, թե Բրյուսելում կայացած հանդիպմանն, իբր, պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհն օգտագործել մատակարարումների համար՝ հավելելով, որ «այդ հարցը նշված է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարության մեջ»։ Հայկական կողմը հայտարարել է, որ նման պայմանավորվածություն չի եղել։