AM
31 July 2023 - 10:00 AMT

Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազը զեկույց կպատրաստի Արցախում տիրող իրավիճակի մասին

Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն մեկ շաբաթից զեկույց կպատրաստի Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականության մասին: Այս մասին նա տեղեկացրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

Նա հայտնել է, որ դա անում է Արցախի նախագահի խնդրանքով, հայտնում է Shantnews.am-ը։

«Արցախի նախագահը հարցրել է՝ ադրբեջանական շրջափակումը նոր ցեղասպանությո՞ւն է հայերի դեմ։ Ինձ համար պատիվ է օգնել:

Ադրբեջանի նախագահն այսօր ցեղասպանություն է իրականացնում. Նա կարող է կանխել ցեղասպանությունն Արցախում և Հայաստանում»,-գրել է նա՝ ընդգծելով #StopArmenianGenocideInArtsakh #StopArmenianGenocide2023 հեշթեգերով:

Լաչինի միջանցքը փակ է 2022-ի դեկտեմբերի 12-ից: 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին ոչ մի մեքենա չի անցել, ևս մեկ մեքենա է անցել հուլիսի 27-ին։