AM
31 July 2023 - 11:47 AMT

Վագիֆ Խաչատրյանի դուստրը հերքում է՝ հոր հետ ընտանիքից ոչ մեկը չի կապվել

Ադրբեջանցիների կողմից առևանգված 68-ամյա բուժառու Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ակցիայի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ ընտանիքից ոչ ոք չի կապվել հոր հետ։

Նա նշել է, որ Կարմիր Խաչն ընդամենը մի անգամ՝ երկու օր առաջ է կապվել ընտանիքի անդամների հետ և փոխանցել, որ նա Բաքվի հիվանդանոցում է, դրանից հետո որևէ լուր չեն ստացել հորից՝ Վագիֆ Խաչատրյանի ընտանիքը նրա մասին երկու օր է՝ որևէ տեղեկություն չունի, հայտնում է «Փաստինֆոն»։

Կարմիր Խաչի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանը, որն առևանգվել է Լաչինի միջանցքից, սրտի լուրջ խնդիր ուներ և Հայաստան էր տեղափոխվում անհապաղ վիրահատության նպատակով։

«Հորս շտապ կարգով տեղափոխում էր Կարմիր Խաչը, որ Երևանում սրտի բաց վիրահատություն անեին։ Հիմա, փաստորեն, հորս կյանքն ավելի է վտանգված։ Կարմիր Խաչից երկու օր առաջ զանգել, ասել են, թե նա Բաքվի հիվանդանոցում է։ Մենք շատ լավ գիտենք, որ նրա կյանքը վտանգված է այնտեղ՝ Բաքվում։ Ես հիմա չգիտեմ էլ՝ հայրս ո՞ղջ է, թե՞ սիրտը չի դիմացել »,- ասել է Վագիֆ Խաչատրյանի դուստրը։

Նա նշել է, որ բոլոր այն նյութերը, որոնք Ադրբեջանի ղեկավարությունը, լրատվամիջոցները տարածում են հոր մասին, որևէ աղերս չունեն իրականության հետ։

«Ադրբեջանի դատախազության ներկայացրած տեղեկությունները կեղծ են։ Լուսանկարը, որը ևս ադրբեջանցիները տարածել են ու հայտարարել, թե, իբր, հորս երիտասարդ ժամանակվա լուսանկարն է, սուտ է, ակնհայտ սուտ։ Այդ լուսանկարի տղամարդը հայրս չէ, չգիտեմ ով է, բայց հայտարարում եմ՝ հայրս չէ»,-ասել է առևանգված արցախցու դուստրն ու դիմելով միջազգային կազմակերպություններին ու մեր բոլոր հայրենակիցներին՝ խնդրել անել ամեն ինչ, որպեսզի օգնեն գերությունից վերադարձնել հորը։

«Խնդրում եմ օգնեք ինձ ողջ վերադարձնել հորս։ Հայրիկս ձեզնից յուրաքանչյուրն է։ Ձեզնից յուրաքանչյուրը կարող էր լինել հորս փոխարեն։ Հայրս երբեք որևէ հանցագործություն չի կատարել իր ապրած 67 տարիների ընթացքում։ Ինքն անգամ ադրբեջանցու նկատմամբ որևէ հանցագործություն երբևէ չէր կատարի։ Ինքն ընդամենը, ինչպես ցանկացած երկրի քաղաքացի, պաշտպանել է իր հայրենիքը»,- նշել է Վերա Խաչատրյանը։

Հուլիսի 29-ին որպես բուժառու ՀՀ մեկնող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը առևանգվել է Հակարիի կամրջի մոտի անցակետում Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից։ Ըստ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի` Խաչատրյանին և ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի օտարազգի ներկայացուցչին նստեցրել են «Նիվա» մակնիշի մեքենա, որը ուղևորվել է դեպի Հակարիի կամրջի ներքևի հատված, մոտ 10 րոպե անց «Շևրոլե» մակնիշի մեքենայով ԿԽՄԿ ներկայացուցիչը վերադարձել է «անցակետ», իսկ Վագիֆ Խաչատրյանը տարվել է անհայտ ուղղությամբ։ Ըստ վկայության՝ ԿԽՄԿ ներկայացուցչին ադրբեջանցիները հրելով դուրս են հանել մեքենայից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ առևանգված Բաքվի հիվանդանոցներից մեկում է։ Նրա գտնվելու վայրի մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Նրան մեղադրանք են առաջադրել 1991 թվականի Խոջալուի Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերին վերաբերող մտացածին գործի շրջանակներում։

Խաչատրյանի՝ ադրբեջանցիների կողմից առևանգման փաստով Արցախում քրգործ է հարուցվել։ Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: