AM
1 Օգոստոս 2023 - 07:08 AMT

Բաքու․ Վագիֆ Խաչատրյանին «ցեղասպանության» հոդվածով նոր մեղադրանքներ կարող են ներկայացվել

Բաքվում հայտարարել են, որ Լաչինի միջանցքում Կարմիր խաչի մեքենայից առևանգված 68-ամյա արցախցի բուժառու Վագիֆ Խաչատրայնին կարող են նոր մեղադրանքներ ներկայացվել։ Այդ մասին ասել է Ադրբեջանի զինդատախազի տեղակալ Ֆուադ Մամեդովը։

«Եթե քննության ընթացքում նոր փաստեր ի հայտ գան, Վագիֆ Խաչատրյանին, որը մեղադրվում է Մեշալի գյուղում ադրբեջանցիների զանգվածային սպանությունների մեջ, կարող են լրացուցիչ մեղադրանքներ ներկայացվել»,-ասել է նա, գրում է Haqqin.az-ը։

Ըստ Մամեդովի, «հարձակումն այդ գյուղի վրա պլանավորված է եղել, ուստի այս քրգործն անցնում է 103-րդ՝ «ցեղասպանության», ինչպես նաև 107-րդ՝ «բռնագաղթ և բնակչության բռնի տեղահանում» հոդվածով»։

Ըստ Մամեդովի, ապացուցվել է 9 անձի մասնակցությունը Մեշալլի դրվագին։

Հուլիսի 29-ին որպես բուժառու ՀՀ մեկնող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը առևանգվել է Հակարիի կամրջի մոտի անցակետում Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից։ Ըստ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի` Խաչատրյանին և ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի օտարազգի ներկայացուցչին նստեցրել են «Նիվա» մակնիշի մեքենա, որը ուղևորվել է դեպի Հակարիի կամրջի ներքևի հատված, մոտ 10 րոպե անց «Շևրոլե» մակնիշի մեքենայով ԿԽՄԿ ներկայացուցիչը վերադարձել է «անցակետ», իսկ Վագիֆ Խաչատրյանը տարվել է անհայտ ուղղությամբ։ Ըստ վկայության՝ ԿԽՄԿ ներկայացուցչին ադրբեջանցիները հրելով դուրս են հանել մեքենայից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ առևանգված Բաքվի հիվանդանոցներից մեկում է։ Նրա գտնվելու վայրի մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Նրան մեղադրանք են առաջադրել 1991 թվականի Խոջալուի Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերին վերաբերող մտացածին գործի շրջանակներում։

Խաչատրյանի՝ ադրբեջանցիների կողմից առևանգման փաստով Արցախում քրգործ է հարուցվել։ Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: