Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ ԵԽԽՎ նախագահ Թինի Քոքսը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին կոչ է արել փաստահավաք առաքելություն ուղարկել՝ գնահատելու իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, որում հայտնվել են այնտեղ բնակվող հայերն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով, հայտնում է Արմենպրեսը։
«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետագա սրումy՝ հիշեցնում եմ Վեհաժողովի՝ Նախարարների կոմիտեին ուղղված հունիսի 20-ի կոչը՝ որքան հնարավոր է շուտ փաստահավաք առաքելություն ուղարկել Ադրբեջան՝ գնահատելու համար իրավիճակը, որում հայտնվել են հայերը 2022 թվականի դեկտեմբերից Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժի հասանելիություն չունենալու հետևանքով։
Ես միանում եմ երկխոսության կոչին, որը հղել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը 2023 թվականի հուլիսի 28-ին, և կոչ եմ անում Հայաստանին և Ադրբեջանին՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ երկրներ, վերջապես կատարել իրենց փոխադարձ պարտավորությունները, որոնք ստանձնել են 1991 թվականին, որպեսզի նվազեցնեն լարվածությունը և վերականգնեն խաղաղությունը»,- հայտարարել է Քոքսը:
Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը մինչ օրս Կոռնիձորի սահմանային հատվածում է։ Հումանիտար բեռն Արցախ մտցնելու համար հարկավոր է ստանալ տեղում ծառայություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորամիավորման համաձայնությունն ու արձագանքը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե հումանիտար շարասյան անցումը չի համաձայնեցվել Բաքվի հետ, իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե «խաղն ավարտված է»։ Նա հայտարարել է, թե Բրյուսելում կայացած հանդիպմանն, իբր, պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհն օգտագործել մատակարարումների համար՝ հավելելով, որ «այդ հարցը նշված է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարության մեջ»։ Հայկական կողմը հայտարարել է, որ նման պայմանավորվածություն չի եղել։