AM
1 August 2023 - 09:21 AMT

Արցախում առաջիկա օրերին կրճատվելու է հացի արտադրանքի ծավալը

Արցախում առաջիկա օրերին կրճատվելու է հացի արտադրանքի ծավալը։ Այդ մասին հայտնել է Արցախի Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը։

«Նկատի ունենալով, որ վերջին շրջանում հացի պահանջարկը զգալիորեն ավելացել է, ալրաղացները ալյուր արտադրում են հնձվող ցորենից, իսկ տեղումների պատճառով ցորենի բարձր խոնավությամբ պայմանավորված ալյուրի արտադրման գործընթացը ընթանում է դանդաղ ու զուգորդվում է չորացման հավելյալ աշխատանքներով՝ այդ պատճառով առաջիկա երկու-երեք օրերին որոշակիորեն կրճատվելու է հացի արտադրանքի ծավալը:

Շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե իբր հաց չի լինելու, իրականությանը չեն համապատասխանում: Խնդրում ենք հատկապես այս օրերին հացի գնումները կատարել չափավոր, որպեսզի նվազագույն չափով ապահովվելու հնարավորություն ունենան բոլորը»։

Լաչինի միջանցքը փակ է 2022-ի դեկտեմբերի 12-ից: 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը՝ այն պատճառաբանությամբ, թե իբր ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին մեծ դադարից հետո` ևս մեկ մեքենա։

Հուլիսի 29-ին որպես բուժառու ՀՀ մեկնող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը առևանգվել է Հակարիի կամրջի մոտի անցակետում Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից։ Նրան մեղադրանք են առաջադրել 1991-ի Խոջալուի Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերին վերաբերող մտացածին գործի շրջանակներում։