ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերն անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին` նշելով, որ սննդի բացակայությունն ու դեղորայքի պակասը Լեռնային Ղարաբաղում չափազանց տագնապալի է։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
Նա նաև մեջբերել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքերը և նշել է, որ միանում է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ապահովելու նրա կոչին։
«Լեռնային Ղարաբաղում սննդի բացակայությունն ու դեղորայքի պակասը շատ տագնապալի է։ Լաչինի միջանցքը վճռորոշ նշանակություն ունի ԼՂ ժողովրդին կենսական անհրաժեշտ ապրանքներ մատակարարելու համար։ Ես միանում եմ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ միջանցքով առևտրային և մարդասիրական բեռների ազատ տեղաշարժն ապահովելու կոչին»,-ասվում է գրառման մեջ։
Լաչինի միջանցքը փակ է 2022-ի դեկտեմբերի 12-ից: 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը՝ այն պատճառաբանությամբ, թե իբր ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին մեծ դադարից հետո` ևս մեկ մեքենա։
Հուլիսի 29-ին որպես բուժառու ՀՀ մեկնող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը առևանգվել է Հակարիի կամրջի մոտի անցակետում Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից։ Նրան մեղադրանք են առաջադրել 1991-ի Խոջալուի Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերին վերաբերող մտացածին գործի շրջանակներում։