AM
1 August 2023 - 10:00 AMT

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) կոչ է արել Ադրբեջանին անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, քանի որ ավելի քան 120,000 մարդ, այդ թվում՝ 30,000 երեխա, տառապում է սարսափելի հումանիտար ճգնաժամից:

«Քանի որ հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում (Արցախ) հասնում է ողբերգական մակարդակի, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կրկնում է իր հայտարարություններն ու դիրքորոշումները միջազգային հանրության կողմից հրատապ և անհապաղ գործողությունների անհրաժեշտության վերաբերյալ», – ասվում է հայտարարության մեջ, հայտնում է Aysor.am-ը։

Հայտարարությունում նշվում է, որ Լաչինի միջանցքը՝ Հայաստանին կապող միակ ճանապարհը, արգելափակված է ավելի քան յոթ ամիս՝ առաջացնելով հումանիտար արտակարգ իրավիճակ և մեծ վտանգի տակ է դրել 120,000 մարդու, այդ թվում՝ երեխաների կյանքը:

«Մարդիկ չունեն սնունդ, դեղորայք, լույս և գազ։ ԵՀԽ-ն կոչ է անում միջազգային հանրությանը անհապաղ և արագ միջամտել շրջափակումը դադարեցնելու և արցախցիների կյանքը փրկելու համար, այնուհետև շարունակել տարածաշրջանում արդար խաղաղության համար դիվանագիտական լուծումներ գտնելու ջանքերը»,- ասել է ԵՀԽ գլխավոր քարտուղարը:

ԵՀԽ-ն կոչ է անում Ադրբեջանին և ներգրավված այլ ուժերին անհապաղ վերացնել շրջափակումը և վերաբացել Լաչինի միջանցքը երաշխավորելու միջանցքով խաղաղ բնակիչների, տրանսպորտի և ապրանքների երկկողմանի ազատ և անվտանգ անցումը թեթևացնելով Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայ բնակչության տառապանքը:

Լաչինի միջանցքը փակ է 2022-ի դեկտեմբերի 12-ից: 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը՝ այն պատճառաբանությամբ, թե իբր ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին մեծ դադարից հետո` ևս մեկ մեքենա։

Հուլիսի 29-ին որպես բուժառու ՀՀ մեկնող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը առևանգվել է Հակարիի կամրջի մոտի անցակետում Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից։ Նրան մեղադրանք են առաջադրել 1991-ի Խոջալուի Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերին վերաբերող մտացածին գործի շրջանակներում։