Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն այս շաբաթ տարածաշրջան կայցելի։ Այդ մասին հայտնել են ԱՄՆ դեսպանությունից, տեղեկացնում է «Ազատությունը»։
Դիվանագետը Երևանում կքննարկի ԱՄՆ աջակցությունը խաղաղության գործընթացին և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու լավագույն ուղին։
Դեսպանատանը հարցում էր ուղղվել, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են Ստեփանակերտից ստացվող տեղեկությունները, թե այս շաբաթ արևմտյան միջնորդներ են ժամանելու Երևան՝ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպման հարցերը քննարկելու համար։
Ամերիկյան միջնորդությամբ Բրաստիսլավայում նախատեսված, բայց չեղարկված Բաքու-Ստեփանակերտ հանդիպման մասին հարցին դեսպանատնից ուղիղ չեն արձագանքել։
«Միացյալ Նահանգները հետևողականորեն փաստել է, որ խաղաղության հաստատումը տարածաշրջանում պետք է ներառի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովումը։ Մենք պատրաստ ենք աջակցել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն ու կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովրդին»,-ասել են դեսպանատնից։
Հուլիսի 31-ին Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի ղեկավար Տիգրան Պետրոսյանը հայտարարել էր, թե Ադրբեջանը չեղարկել է օգոստոսի 1-ին Բրատիսլավայում Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչների հանդիպումը։ Արցախի պաշտոնական աղբյուրները ոչ հերքել, ոչ հաստատել էին այս տեղեկությունը։ Պետրոսյանը նաև ասել էր, որ այս շաբաթ արևմտյան միջնորդներ են ժամանելու Երևան՝ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպման հարցերը քննարկելու համար։
Լուիս Բոնոն տարածաշրջանում էր նաև մայիսին։ Բաքվում և Երևանում նա քննարկել էր հայ-ադրբեջանական կարգավորման հարցեր։