Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք խաղաղության հասնել, ասել է, թե հույսեր փայփայելը ճիշտ է, բայց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը մինչ օրս որոշված չէ։
«Կարծում եմ` հույսեր փայփայելը ճիշտ է, բայց իրականում հանդիպումները թույլ են տալիս անդրադառնալ շատ զգայուն հարցերի՝ ինչպիսի՞ն է լինելու սահմանը։ Չէ որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը մինչ օրս որոշված չէ․․․ Գլխավորը սահմանն է։ Ինչպիսի՞ն կլինի վիճակը տեղերում։ Ի՞նչ կլինի տրանսպորտային հաղորդակցության հետ։ Հիշեցնեմ, որ երկրորդ ղարաբաղյան պատերազմի արդյունքում Հայաստանը պարտավորվել է հասանելիություն ապահովել դեպի մեր էքսկլավ Նախիջևան, բայց մինչ օրս դա տեղի չի ունենում։ Ուստի կոնկրետ աշխատանքը խաղաղության պայմանագրի կոնկրետ կետերի շուրջ կատարում են նախարարները։ Երկու երկրների ղեկավարների հանդիպումներն ուղղակի բարենպաստ ֆոն են ստեղծում, իմ կարծիքով։ Բայց եթե կառուցողկան մոտեցում տեսնենք հայկական կողմից, իսկ գլխավորը, եթե նրանք լիովին հրաժարվեն մեր տարածքային ամբողջականությունը վիճարկելու ձգտումներից, ապա շատ շուտ կկարողանանք խաղաղ լուծում ստանալ, գուցե նույնիսկ մինչև տարեվերջ»,-ասել է նա, գրում է Haqqin.az-ը։
Euronews հեռուստաընկերությանը նույն հարցերի շուրջ հարցազրույց է տվել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պատասխանելով այն հարցին, թե որքանո՞վ է խաղաղությունը հնարավոր, ասել է, որ այն ոչ միայն կարող է, այլ պետք է լինի:
«Դա է իմ մոտեցումը, դա է իմ համոզմունքը և հավատը: Բայց որպեսզի դա տեղի ունենա, նաև կարևոր է, որ միջազգային հանրությունը շատ որոշակի նյուանսներից տեղյակ լինի, որպեսզի հասկանալի լինի, իսկ ինչո՞ւ առաջընթացը բավարար տեմպով չէ։ մենք Ադրբեջանի նախագահի հետ պայմանավորվեցինք, ձեռք բերեցինք պայմանավորվածություն, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց 29,800 քմ Հայաստանի դեպքում և 86,600 քմ տարածքային ամբողջականությունը, որից հետո Շառլ Միշելը հանդես եկավ համապատասխան հայտարարությամբ, որից հետո, երբ Հայաստանի լրագրողներն ինձ հարցրին դրա մասին, ես հրապարակային հաստատեցի այդ փաստը: Մինչև այս պահն Ադրբեջանի նախագահը հրապարակային չի հաստատել այդ պայմանավորվածությունը»,-ասել է նա։