Ադրբեջանցիների կողմից առևանգված 68-ամյա բուժառու Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեից տեսազանգ է պահանջում հոր հետ։
Նա մտավախություն ունի, որ գուցե հայրը կոմայի մեջ է կամ այլևս ողջ չէ, այդ պատճառով տեսազանգ չեն ապահովում, գրում է Sputnik Արմենիան։
«Պահանջում եմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից հորս հետ տեսազանգ ապահովել, որպեսզի իմանամ, թե ֆիզիկապես ինչ վիճակում է հայրս։ Ասում են, որ կարող ենք բանավոր խոսք փոխանցել, բայց մեր ընտանիքից որևէ մեկը բանավոր փոխանցելու ոչինչ չունի։ Ինձ պետք է տեսնել, թե ինչ վիճակում է հայրս, գուցե կոմայի մեջ է, կամ այլևս ֆիզիկապես մեզ հետ չէ, դրա համար տեսազանգ չեն ապահովում»,– ասել է Վագիֆ Խաչատրյանի դուստրը։
Հուլիսի 29-ին որպես բուժառու ԿԽՄԿ ուղեկցությամբ ՀՀ մեկնող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Հակարիի կամրջի մոտի անցակետում Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից։ Ըստ վկայության՝ ԿԽՄԿ ներկայացուցչին ադրբեջանցիները հրելով դուրս են հանել մեքենայից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ առևանգվածը Բաքվի հիվանդանոցներից մեկում է։ Նրան մեղադրանք են առաջադրել 1991 թվականի Խոջալուի Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերին վերաբերող մտացածին գործի շրջանակներում։
Խաչատրյանի՝ ադրբեջանցիների կողմից առևանգման փաստով Արցախում քրգործ է հարուցվել։ ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 8-ը տրամադրել ժամանակ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին::