AM
2 August 2023 - 09:31 AMT

ԱՄՆ Պետդեպը շարունակում է աշխատել ՀՀ և Ադրբեջանի հետ «բարդ փոխզիջումների» և խաղաղության հասնելու ուղղությամբ

ԱՄՆ-ն հնարավոր է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, այդ պատճառով տարբեր, այդ թվում՝ բարձր մակարդակով շարունակում է աշխատել կողմերի հետ «բարդ փոխզիջումների» և խաղաղության հասնելու ուղղությամբ։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, տեղեկացնում է Արմենպրեսը։

«Ինչպես մենք մշտապես կրկնել ենք, մենք հավատում ենք, որ խաղաղության համաձայնագիրը մոտ է: Ահա թե ինչու մենք շարունակում ենք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ շփումներն ինչպես այս գերատեսչության ամենաբարձր մակարդակով, այնպես էլ ստորաբաժանումների մակարդակով ՝ կոչ անելով նրանց հասնել բարդ փոխզիջումների, որոնք անհրաժեշտ են լիարժեք խաղաղության համաձայնագրի հասնելու համար», – ասել է Պետքարտուղարության խոսնակը։

Միլլերը նաև հրաժարվել է մանրամասներ ներկայացնել ԱՄՆ պետքարտուղարի՝ կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի այցից տարածաշրջան, որը նախատեսվում է այս շաբաթ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն այս շաբաթ տարածաշրջան կայցելի։ Դիվանագետը Երևանում կքննարկի ԱՄՆ աջակցությունը խաղաղության գործընթացին և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու լավագույն ուղին։

Հուլիսի 31-ին Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի ղեկավար Տիգրան Պետրոսյանը հայտարարել էր, թե Ադրբեջանը չեղարկել է օգոստոսի 1-ին Բրատիսլավայում Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչների հանդիպումը։ Արցախի պաշտոնական աղբյուրները ոչ հերքել, ոչ հաստատել էին այս տեղեկությունը։ Պետրոսյանը նաև ասել էր, որ այս շաբաթ արևմտյան միջնորդներ են ժամանելու Երևան՝ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպման հարցերը քննարկելու համար։

Euronews հեռուստաընկերությանը նույն հարցերի շուրջ հարցազրույց է տվել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է ընտրություն կատարեն՝ ապրեն որպես Ադրբեջանի քաղաքացիներ, կամ հեռանան։ Նա ասել է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը մինչ օրս որոշված չէ և դա է գլխավոր հարցը։