ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ ՀՀ-ում Ադրբեջանի հետ սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու հարցի քննարկմանը և սպասում է Երևանի պատասխանին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«ՀԱՊԿ անդամ պետությունները երբեք չեն հրաժարվել տարածաշրջանում իրավիճակի կայունացման գնահատման ջանքերին աջակցելուց և բազմիցս հաստատել են կոնկրետ լուծումներ գտնելու պատրաստակամությունը, որոնք թույլ կտային գործարկել կազմակերպության լայն հնարավորությունները մեր հայ բարեկամների համար առավելագույն օգուտով։ Նախկինի պես դրական արձագանքի ենք սպասում Երևանից և պատրաստ ենք վերսկսել բովանդակային աշխատանքը Հայաստանի սահմանամերձ շրջաններում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու առաջարկի, ինչպես նաև մեր դաշնակցին օգնելու այլ համատեղ միջոցառումների շուրջ»,- ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ դիվանագետի՝ Մոսկվան համոզված է, որ «համապատասխան որոշումների ընդունումը դրական ազդեցություն կունենա ընդհանուր տարածաշրջանային իրավիճակի վրա»։
Աղասանդյանը նաև հույս է հայտնել, որ Երևանում հասկանում են, որ արևմտյան երկրները փորձում են քաղաքական և տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի մերձավոր դաշնակիցների, այդ թվում Հայաստանի վրա՝ «առավելագույն վնաս հասցնելու համար ՌԴ-ին և նրա դիրքերին Հարավային Կովկասում»։
«Այդ խնդիրը լուծելու համար նրանք փորձում են խաթարել տարածաշրջանային անվտանգության գոյություն ունեցող մեխանիզմները, այդ թվում ՀԱՊԿ-ի մասով: Հուսով ենք, որ Երևանում դա լավ են հասկանում»,- պարզաբանել է դիվանագետը:
Նա ասել է նաև, որ ՀԱՊԿ-ը, ինչպես ցանկացած միջազգային կազմակերպություն, «կախարդական փայտիկ չէ», որով լուծվում է ցանկացած խնդիր։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ամենաբարդերից է, այն ունի խորը պատմական արմատներ: Կայուն կարգավորման միակ ճանապարհը հայ-ադրբեջանական հարաբերությունների հետևողական կարգավորումն է՝ բանակցությունների, կողմերի փոխադարձ հարգանքի, փոխզիջումների գնալու, պատասխանատու որոշումներ կայացնելու և իրականացնելու պատրաստակամության հիման վրա։ Այս համատեքստում ես չեմ կարող չնշել այն առանցքային միջնորդական դերը, որն ունեն այդ բարդ գործընթացում Ռուսաստանն ու անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը»,-ասել է Աղաջանյանը։