ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան սատարում է Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցային գործընթացի մեկնարկին։
«Մենք աջակցում ենք Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցությունների մեկնարկին։ Այս թեման շահագրգիռ կողմերի հետ մեր շփումների օրակարգում է»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Դիվանագետը նշել է նաև, որ ռուս խաղաղապահները նախկինում ևս օգնել են երկու պատվիրակության հանդիպումների կազմակերպմանը, պատրաստ են հետագայում ևս անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել այդ հարցում։
«Ռուսաստանը ոչ մի նախապայման առաջ չի քաշում և մանրակրկիտ աշխատանք է տանում կողմերի մոտեցումների մերձեցման ուղղությամբ, որոնք այժմ լրջորեն տարբերվում են՝ Լեռնային Ղարաբաղում սրացման ֆոնին»,-ասել է Զախարովան։
Բաքուն հայտարարել է, որ աշխատանք է տարվում, որ Ադրբեջանի կառավարության և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև հանդիպումը տեղի ունենա Եվլախում։
Հուլիսի 31-ին Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի ղեկավար Տիգրան Պետրոսյանը հայտարարել էր, թե Ադրբեջանը չեղարկել է օգոստոսի 1-ին Բրատիսլավայում Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչների հանդիպումը։ Նա նաև ասել է, որ Մոսկվան առաջարկում է գնալ Եվլախ հանդիպման, ինչը նա այս պայմաններում որակել էր որպես «անարգանք ու ծաղր»։