ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ։
«Հուլիսի 29-ին ադրբեջանական զինուժը ձերբակալել է արցախցի մի քաղաքացու, ով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից տեղափոխվում էր Հայաստան բուժման նպատակով։ Նրանք [ադրբեջանական կողմը] անհիմն պնդում են, թե նա պատերազմական հանցագործ է եղել 1991-ի Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի ժամանակ՝ այսպիսով, վտանգավոր նախադեպ ստեղծելով մյուս բոլոր հայերի համար, ովքեր մասնակցել են երկու պատերազմին: Մարդու իրավունքների այս խախտումը տեղի է ունենում օգոստոսի 1-ին Սլովակիայի Բրատիսլավայում կայանալիք Արցախիղեկավարության հետ ծրագրված բանակցություններից Ալիևի ռեժիմի դուրս գալուց մի քանի օր անց»,- մասնավորապես, հայտարարել է Փալոնը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Ըստ հայկական հանձնախմբի համանախագահի, Ալիևի գործողությունները շարունակում են վկայել, որ նա շահագրգռված չէ փարատելու Լեռնային Ղարաբաղում հայերի անվտանգության և ապահովության հետ կապված մտահոգությունները, որոնք անհրաժեշտ պայման են տևական խաղաղ կարգավորման համար:
«Փոխարենը, նա շարունակում է սաբոտաժի ենթարկել բանակցությունները և կիրառում է ճնշման մարտավարություն՝ հույս ունենալով սովամահ անել մարդկանց իրենց պատմական հայրենիքներում կամ ստիպել նրանց ենթարկվել իր դաժան իշխանությանը»,- ընդգծել է Փալոնը:
Նրա խոսքով, Ադրբեջանը շարունակում է արգելափակել Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով, որ Լեռնային Ղարաբաղի հայերը ստանան պարեն, բժշկական պարագաներ և էներգակիրներ։
«Սա միջազգային իրավունքի խախտում է, և Ալիևի վարչակարգի կողմից էթնիկ զտումների ակնհայտ արշավ։ Միջազգային հանրությունը, ներառյալ Միացյալ Նահանգները և ՄԱԿ-ը, կարող են և պետք է հստակ քայլեր ձեռնարկեն՝ կանխելու այս հումանիտար ճգնաժամի հետագա խորացումը։ Կոչ եմ անում պետքարտուղարությանը օգտագործել առկա դիվանագիտական բոլոր գործիքները, ներառյալ պատժամիջոցները, այս շրջափակմանը վերջ դնելու համար»,- եզրափակել է կոնգրեսականը:
Վերջերս ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ընդգծել էր Լաչինի միջանցքի անհապաղ վերաբացման անհրաժեշտությունը: Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն այդ կապակցությամբ հաղորդագրություն էր տարածել, ըստ որի Բլինքենը շեշտել է Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների ազատ տարանցման հրատապ անհրաժեշտությունը և ընդգծել փոխզիջման անհրաժեշտությունն այլընտրանքային ուղիների հարցում, որպեսզի մարդասիրական մատակարարումները հասնեն Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: