AM
3 August 2023 - 08:36 AMT

Գուտերեշը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի հարցով

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի հետ կապված խնդիրների մասին հաղորդումներով։

Գուտերեշի մամուլի քարտուղարի տեղակալ Ֆարհան Հաքի տարածած մեկնաբանությունում նշվում է, որ գլխավոր քարտուղարը հիշեցրել է իր նախորդ հայտարարությունը կողմերի՝ Արդարադատության միջազգային դատարանի, այդ թվում՝ 2023 թվականի փետրվարի 22-ին ընդունված ու հուլիսի 6-ին վերահաստատված որոշումների կատարման անհրաժեշտության ու Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, բեռների ու մեքենաների անարգել տեղաշարժի վերականգնման մասին։

Գուտերեշը հատկապես մտահոգ է հումանիտար իրավիճակի վատթարացման մասին հաղորդագրություններով ու կոչ է անում շտապ քայլեր ձեռնարկել՝ հեշտացնելու մարդասիրական օգնության հասանելիությունը։

Նա կոչ է անում 2 կողմին ակտիվացնել շփումները՝ ի շահ ամբողջ տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու համար։

Ադրբեջանը փակ է պահում Լաչինի միջանցքն 2022 թվականի դեկտեմբերից, հուլիսից արգելելով նաև Կարմիր խաչի միջոցով հումանիտար բեռների տեղափոխումը։ Արցախում սուր հումանիտար ճգնաժամ է՝ սննդի, վառելիքի, մանկական պարագաների սուղ պաշարներով կամ իսպառ բացակայությամբ։