AM
3 August 2023 - 09:05 AMT

Կարմիր խաչի պատասխանը Վագիֆ Խաչատրյանի դստերը. «Ցավում ենք, ոչինչ անել չենք կարող»

ԿԽՄԿ երևանյան գրասենյակում օգոստոսի 3-ին ընդունել են Ադրբեջանի կողմից առևանգված Արցախի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի դստերը՝ Վերա Խաչատրյանին, հայտնում է Aravot.am-ը։

Կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ որևէ բան անել չեն կարող։

«Ցավում ենք, այս պահին ոչինչ անել չենք կարող: Փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի օգնենք», – նշել են ԿԽՄԿ-ից։

Նախօրեին Վերա Խաչատրյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեից տեսազանգ էր պահանջում հոր հետ՝ մտավախություն ունենալով, որ գուցե հայրը կոմայի մեջ է կամ այլևս ողջ չէ։

Հուլիսի 29-ին որպես բուժառու ԿԽՄԿ ուղեկցությամբ ՀՀ մեկնող 68-ամյա Խաչատրյանն առևանգվել էր Հակարիի կամրջի մոտի անցակետում Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից։ Ըստ վկայության՝ ԿԽՄԿ ներկայացուցչին ադրբեջանցիները հրելով դուրս են հանել մեքենայից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ առևանգվածը Բաքվի հիվանդանոցներից մեկում է։ Նրան մեղադրանք են առաջադրել 1991 թվականի Խոջալուի Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերին վերաբերող մտացածին գործի շրջանակներում։

Խաչատրյանի՝ ադրբեջանցիների կողմից առևանգման փաստով Արցախում քրգործ է հարուցվել։ ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 8-ը տրամադրել ժամանակ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին::