AM
7 August 2023 - 07:10 AMT

ԱՀ նախագահ. Ադրբեջանն ուզում է հրաժարվել եռակողմ հայտարարությունից և շարունակել պատերազմը

1992-94-ին Արցախը կռվում էր Ադրբեջանի դեմ, 2016-ին Ադրբեջանը փորձեց ինքնուրույն լուծել ղարաբաղյան խնդիրը և ունեցավ անհաջողություն, բայց, ցավոք, 2020-ի պատերազմն այլ իրականություն էր, քանի որ Ադրբեջանի հետ միասին դրան մասնակցում էր Թուրքիան ու հազարավոր վարձկաններ, օժանդակում էին մի շարք այլ պետություններ՝ տեխնոլոգիաներով, իսկ Արցախը, իհարկե Հայաստանի հետ միասին էր, բայց հիմնական այդ ծանրությունը հասցվեց իրեն։ Այս մասին Արցախի հանրային հեռուստատեսությանը հարցազրույցում ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե որ աշխարհաքաղաքական զարգացումներ էին պատճառը, որ 2020-ին Ադրրբեջանին հաջողվեց իրականացնել իր ծրագիրը։

«Դրա համար մենք ունեցանք մեզ համար ոչ լավ արդյունքներ և ծնվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Սկզբնական փուլում այն չի ընկալվել հասարակության կողմից, բայց պատերազմի արդյունքներից ելնելով, մեզ համար ընդունելի հայտարարություն էր: Այն մեզ հուսադրում էր, որ ունենալով երաշխիքները, որ առկա են՝ տարածք Լեռնային Ղարաբաղ ձևակերպմամբ, շփման գիծ, անխափան կապ Հայաստանի Հանրապետության հետ, դրանք հենման կետն էինք, որ պետք է ապահովեր հետագա մեր պայքարը ինքնորոշման իրավունքի առումով։ Ի՞նչ փոխվեց։Սկզբնական փուլում, իհարկե, մենք վստահեցինք՝ մանավանդ, որ դրա տակ կային Ռուսաստանի Դաշնության,Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի նախագահի ստորագրությունները: Սկսեցինք ակտիվ վերականգնել պատերազմի կրած վնասները, զարգացնել տնտեսությունը: Վերադարձավ մեր հայրենակիցների մեծ մասը: Իրենց ապագան Արցախի հետ կապում էին նաև բռնի տեղահանված մեր հայրենակիցները»,- նշել է Հարությունյանը։

Նա հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահի միջև բազմաթիվ հանդիպումների ընթացքում հայտարարությունները, սկզբնական փուլում, կարծես ցույց էին տալիս, որ ամեն ինչ արվում էր, որպեսզի իրականանան այն կետերը, որոնք ամրագրված են, կամ այն երաշխիքները, որ տրված էին, սակայն իրավիճակը փոխվեց ռուս-ուկրաինական պատերազմից հետո:

«Ադրբեջանը, օգտվելով Ռուսաստանի վիճակից, փորձում էր ստիպել մեզ, այսպես ասած, հրաժարվել այդ հայտարարության կետերի՝ մեզ տրված իրավունքներից և երկխոսության գնալ իրենց առաջարկած օրակարգով։ Դրանից հետո մեր կողմից բազմաթիվ խնդրանքներ, նամակներ են հղվել առաջին հերթին Ռուսաստանի ղեկավարին, Հայաստանի վարչապետին, միջազգային բոլոր դերակատարներին և այն, ինչ այսօր տեղի է ունենում, մենք դրա մասին զգուշացրել ենք մեկ տարի առաջ։ Մեկ տարի առաջ մենք խոսում էինք, որ Ադրբեջանը սկսել է ցեղասպան քաղաքականություն»,- նշել է Արցախի նախագահը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանն ուզում է հրաժարվել եռակողմ հայտարարությունից և շարունակել պատերազմը:

«Սա արդեն պատերազմ է, սա պատերազմի շարունակությունն է պաշարման միջոցով, ապա դրա արդյունքում Արցախը դարձնելով մեծ համակենտրոնացման ճամբար՝ իրականացնելով ցեղասպանություն»,- ասել է Հարությունյանը:

Նա մեջբերել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, որն արել է Բրյուսելում եռակողմ հանդիպումից առաջ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ՝ հայտարարելով, որ Զանգեզուրի, իր ձևակերպմամբ, միջանցքը պետք է աշխատի Լաչինի միջանցքի տրամաբանության շրջանակում։

«Առաջին փուլում դրա վրա ուշադրություն չենք դարձրել: Մենք մտածում էինք, որ հայտարարություն է՝ ճնշում գործադրելու Հայաստանի իշխանությունների վրա ՝ ստանալով առավելագույնը եռակողմ հայտարարության 9-րդ կետից, որը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, մանավանդ որ նշված էր Նախիջևանի և Ադրբեջանի հետ կապի մասին,բայց Ադրբեջանը հետագա իր վարքագծով, վարած քաղաքականությամբ կարևորում էր դա։ Կարող եմ նաև այսօր հայտարարել, որ Ադրբեջանը շարունակում է իր ճնշումներրը՝ առավելագույնը կորզելու։ Մենք պետք է ֆիքսենք, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերին ինչ-որ տեղ նաև պատանդի կարգավիճակով պահելու ցանկություն ունի, զուգահեռ իրականացնելով ցեղասպանություն և ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների և միջազգային դերակատարների վրա Զանգեզուրի ճանապարհի առավել արտոնյալ տարբերակ ունենալու համար», – նշել է Արցախի նախագահը՝ ընդգծելով, որ դա օրակարգում է և օրակարգը չի սպառվել։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար հայտարարում է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի բացումն անխուսափելի է»։ Հայկական կողմն ի պատասխան նշում է, որ նման տրամաբանությամբ բանակցություններ վարել չի պատրաստվում: