AM
7 August 2023 - 12:05 AMT

Խաղաղապահները մերժել են ավտոերթը դեպի Հակարիի կամուրջ ուղեկցելու դիմումը

Ռուս խաղաղապահները մերժել են Լաչինի միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման` Հակարիի կամուրջ ավտոերթն ուղեկցելու դիմումը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է շարժման անդամ Արթուր Օսիպյանը՝ հրապարակելով խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ Սազոնովի պատասխանը։

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի նախատեսում ավտոերթերի ուղեկցում, ինչպես նաև տարբեր ակցիաների և հանրահավաքների անվտանգության ապահովում։ Տրանսպորտային անցակետերով երթևեկության ժամանակ խաղաղապահ զորակազմը ստուգում է արգելված իրերի, մասնավորապես, հրաձգային զենքի և պայթուցիկ նյութերի առկայությունը»,- ասված է խաղաղապաների պատասխանում։

Լաչինի միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժումը ծրագրում էր ավտոբուսներով ավտոերթ իրականացնել դեպի Հակարիի կամուրջ՝ ցույց տալու համար, որ ճանապարհի բաց լինելու մասին ադրբեջանական հայտարարությունները կեղծ են։ Օգոստոսի 4-ին շարժման անդամները ժամանել էին ռուս խաղաղապահների տեղակայման վայր և պահանջել, որ զորախմբի հրամանատար Ալեքսանդր Լենցովը պատասխանի հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկելու՝ ապահովելու իրենց անվտանգությունը ավտոերթի ժամանակ։ Խաղաղապահները խոստացել էին գրավոր պատասխանել ցուցարարների հարցերին։

2022-ի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը կեղծ բնապահպանական պատճառաբանությամբ փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, ապա 2023-ի ապրիլին Հակարիի կամրջին կից հսկիչ-անցագրային կետ տեղադրել։ Հունիսի 15-ին Ադրբեջանի սահմանապահները Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են ձռնարկել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով, բայց հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում այն կանխվել է: Կամրջի մոտ ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն Ադրբեջանն արգելել է։