ՄԱԿ-ի փորձագետները կոչ են արել Ադրբեջանին վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը և դադարեցնել հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում։ Այդ մասին ասվում է կառույցի հրապարակած հաղորդագրության մեջ։
ՄԱԿ-ի փորձագետների խումբն ահազանգում է Ադրբեջանի կողմից Լաչինի շարունակվող շրջափակման մասին, որը հանգեցրել է ԼՂ-ում հումանիտար սարսափելի ճգնաժամի։
«Վերջին 7 ամսում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը խոչընդոտող շրջափակումը բնակչությանը կանգնեցրել է սննդամթերքի, դեղորայքի և հիգիենայի միջոցների սուր պակասի առաջ, ազդել բժշկական և կրթական հաստատությունների գործունեության վրա և վտանգել մարդկանց կյանքը։ Բնակիչները, հատկապես երեխաները, հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցները, հղի կանայք և հիվանդները, զգալի վտանգի տակ են»,- նշում են փորձագետները։
2022-ի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը կեղծ բնապահպանական պատճառաբանությամբ փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, ապա 2023-ի ապրիլին Հակարիի կամրջին կից հսկիչ-անցագրային կետ տեղադրել։ Հունիսի 15-ին Ադրբեջանի սահմանապահները Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են ձռնարկել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով, բայց հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում այն կանխվել է: Կամրջի մոտ ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն Ադրբեջանն արգելել է։ Արդյունքում Արցախը հայտնվել է լիարժեք շրջափակման մեջ, մնալով առանց արտաքին աշխարհի հետ կապի ու սնունդի և առաջին անհրաժեշտության այլ պարագաների մատակարարումների: