AM
8 August 2023 - 12:34 AMT

Սենատոր Մենենդեսի հանձնարարությամբ ՀՀ-ում գտնվող պատվիրակներն այցելել են Լաչինի սկզբնամաս

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի հանձնարարությամբ Հայաստանում է հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներ Սառա Արքինի և Դեմյան Մերֆիի գլխավորած պատվիրակությունը: Այդ մասին հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից, որտեղ օգոստոսի 7-ին հանդիպում է եղել մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ու Գորիսի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ:

Դրա ընթացքում հյուրերին տեղեկացրել են Սյունիքի սահմաններին տիրող իրավիճակի, ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունների և Արցախի շրջափակման ու դրա հետևանքներով առաջացած հումանիտար աղետի մասին։

Օգոստոսի 7-ին պատվիրակությունը Սյունիքի մարզպետի ուղեկցությամբ այցելել է Կոռնիձոր, որտեղ Ղուկասյանը նրանց է ներկայացրել Լաչինի միջանցքի փակ լինելու փաստն ու երկկողմ երթևեկության բացակայությունը։

Սենատի ներկայացուցիչները դիտարկել են նաև այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության ուղարկած հումանիտար բեռով մեքենաներն արդեն օրեր շարունակ կանգնած են սահմանից այս կողմ ու չեն կարողանում հասնել Արցախ։

Ադրբեջանը շարունակում է ամբողջությամբ արգելափակված պահել Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով Արցախում հումանիտար իրավիճակը գնալով ավելի է վատթարանում։ Արցախի բնակչությունը զրկված է պարենի, դեղորայքի, վառելիքի մատակարարումներից։ Ադրբեջանն արգելափակել է նաև Արցախի գազամատակարարումն ու էլեկտրաէներգիայի մատակարարումը։