AM
8 August 2023 - 12:59 AMT

ԿԽՄԿ միջնորդությամբ Արցախից 11 բուժառու տեղափոխվել է ՀՀ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակի միջնորդությամբ և ուղեկցությամբ 11 բուժառու ԱՀ-ից տեղափոխվել է Հայաստան՝ 11-օրյա լիակատար արգելափակումից հետո։ Այդ մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

«Նշված բուժառուներից 9-ը ստանում են ծրագրային հեմոդիալիզ, սակայն դեղորայքի և բժշկական պարագաների սակավության պատճառով չեն կարողանում ստանալ անհրաժեշտ բուժօգնություն և կանգնել են մահվան վտանգի առջև, իսկ մյուս 2 բուժառուները քաղցկեղի պատճառով գտնվում են ծանր վիճակում: Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 9 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար»,- ասված է հաղորդագրությունում։

ԱՆ-ից նշում են՝ ադրբեջանական կողմը շարունակաբար արգելում է Կարմիր խաչի մեքենաներով դեղորայքի և բժշկական պարագաների մատակարարումը Արցախ, իսկ բազմաթիվ բուժառուներ դեռևս սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստան։

«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 երեխա, 8-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 80 հիվանդ, 8 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում։

2022-ի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը կեղծ բնապահպանական պատճառաբանությամբ փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, ապա 2023-ի ապրիլին Հակարիի կամրջին կից հսկիչ-անցագրային կետ տեղադրել։ Հունիսի 15-ին Ադրբեջանի սահմանապահները Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են ձռնարկել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով, բայց հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում այն կանխվել է: Կամրջի մոտ ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն Ադրբեջանն արգելել է։ Արդյունքում Արցախը հայտնվել է լիարժեք շրջափակման մեջ, մնալով առանց արտաքին աշխարհի հետ կապի ու սնունդի և առաջին անհրաժեշտության այլ պարագաների մատակարարումների: