AM
14 August 2023 - 10:50 AMT

Լոս Անջելեսի հայերը որոշել են մի քանի օր շրջափակած պահել Ադրբեջանի հյուպատոսության շենքը

Լոս Անջելեսի հայերը շրջափակել են Ադրբեջանի հյուպատոսության շենքը, և ժամեր շարունակ բողոքի ցույց են անում հյուպատոսության դիմաց՝ պահանջելով բացել Լաչինի միջանցքը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱՄՆ-ում բնակվող լրագրող Արթուր Սահակյանը, որը նաև ուղիղ միացմամբ կադրեր է հրապարակել ցույցից:

Լոս Անջելեսի հայերը որոշել են մի քանի օր շրջափակած պահել այն տարածքը, որտեղ Ադրբեջանի և այլ երկրների հյուպատոսությունների շենքերն են, գրում է «Առավոտը»։

«Թող հասկանան, թե ինչ է շրջափակումը: 21-րդ դարում Արցախում ցեղասպանություն է կատարվում»,-ասել է ցուցարարներից մեկը:

Մեկ այլ ցուցարար հավելել է, որ, եթե շատ լինեն, ոստիկանությունը չի կարող ցրել ցույցը կամ բացել փողոցը:

Այն վայրը, որտեղ ցույց են անում հայերը, կրում է Արցախի հրապարակ անունը՝ նման որոշում է կայացրել քաղաքային խորհուրդը այս տարվա մայիս ամսին:

«Սա նիկոլական, քոչարյանական, սերժական հավաք չէ, սա համահայկական հավաք է»,-ասել է նրանցից մեկը:

«Բոլորիս պարտքն է այստեղ լինել, այստեղ քաղաքական կուսակցական խոսակցություններ չկան, այստեղ հավաքված յուրաքանչյուր հայ սրտացավ է Արցախի մեր հայրենակիցների կացության հետ կապված: Մենք ավելի ուժեղ համայնք չենք տեսել, Լոսի հայությունը աշխարհի ամենալավ համայնքն է, հոգով, սրտով, առանց ձևականությունների մեր հայրենակիցների կողքին ենք»,-ասել է ցույցի մասնակիցներից մի կին:

Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը մինչ օրս Կոռնիձորի սահմանային հատվածում է։ Հումանիտար բեռն Արցախ մտցնելու համար հարկավոր է ստանալ տեղում ծառայություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորամիավորման համաձայնությունն ու արձագանքը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե հումանիտար շարասյան անցումը չի համաձայնեցվել Բաքվի հետ, իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե «խաղն ավարտված է»։ Նա հայտարարել է, թե Բրյուսելում կայացած հանդիպմանն, իբր, պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհն օգտագործել մատակարարումների համար՝ հավելելով, որ «այդ հարցը նշված է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարության մեջ»։ Հայկական կողմը հայտարարել է, որ նման պայմանավորվածություն չի եղել։