2023-ի օգոստոսի 7-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը 2 անգամ կոպտորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել և կրակել է բացել դաշտերում բերքահավաք իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ: Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել:
Ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 26 հաղորդում, որից 18-ը հանցագործությունների մասին է: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ դրանցից 16-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է։ Այս մասին հայտնում է Արցախի ՆԳ նախարարությունը։
Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված հետախուզական միջոցառումների արդյունքում` շաբաթվա ընթացքում բացահայտվել է թմրանյութի ապօրինի շրջանառության, աճեցման և իրացման 2 դեպք, վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից՝ 5-ը, անձնական ունեցվածքի գողության 3 դեպքից՝ 2-ը, խարդախություն և խուլիգանություն բնութագրմամբ մեկական դեպքեր: Հասարակական կարգը կոպիտ խախտած անձինք բերման են ենթարկվել ոստիկանություն։
ՆԳ նախարարությունը միջոցներ է ձեռնարկում անբացահայտ մնացած մյուս հանցագործությունների բացահայտման ուղղությամբ։
ՆԳ նախարարության ոստիկանության բոլոր ստորաբաժանումները Արցախի Հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա կազմակերպված աշխատանք, վերահսկելով հանրապետության օպերատիվ իրավիճակը՝ պահպանելով կայուն հասարակական կարգ ու կանոն: