Թուրքիան «ուշադիր հետևում է Լաչինի ճանապարհի շուրջ վիճաբանություններին և հասկանում է Ադրբեջանի օրինական մտահոգությունն այս հարցում», նաև կոչ է անում Երևանին «աջակցել Աղդամի ճանապարհի օգտագործմանը»։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳ նախարարության հայտարարության մեջ։
«Ցավոք, Ադրբեջանի կողմից հնչեցրած մտահոգությունները հաշվի չեն առնվել և արդյունքում Ադրբեջանն իր ինքնիշխան իրավունքների շրջանակներում ձեռնարկել է միջոցներ, որոնք նպատակահարմար է համարել», ասվում է հայտարարության մեջ։
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի, Լաչինի ճանապարհի հարցում Ադրբեջանին քննադատելու հիմք չկա։
«Այն փաստը, որ այժմ բուժտարհանում է իրականացվում Լաչինի միջանցքով և այլ երթուղիներ են առանձնացված, որոնք հարմար են լայնածավալ բեռնափոխադրումների համար, վկայում են այն մասին, որ ադրբեջանական կողմը բարեխղճորեն գործադրում է բոլոր ջանքերը։
Մենք ակնկալում ենք Հայաստանից, որ նա զերծ կմնա սադրիչ քայլերից, կճանաչի Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, կաջակցի Աղդամի և այլընտրանքային այլ ճանապարհների օգտագործմանը Ղարաբաղի հայ բնակչության կարիքները հոգալու համար, ինչպես նաև կաջակցի հայ բնակչության վերաինտեգրմանն ուղղված Ադրբեջանի ջանքերին»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը մինչ օրս Կոռնիձորի սահմանային հատվածում է։ Հումանիտար բեռն Արցախ մտցնելու համար հարկավոր է ստանալ տեղում ծառայություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորամիավորման համաձայնությունն ու արձագանքը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե հումանիտար շարասյան անցումը չի համաձայնեցվել Բաքվի հետ, իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե «խաղն ավարտված է»։ Նա հայտարարել է, թե Բրյուսելում կայացած հանդիպմանն, իբր, պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհն օգտագործել մատակարարումների համար՝ հավելելով, որ «այդ հարցը նշված է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարության մեջ»։ Հայկական կողմը հայտարարել է, որ նման պայմանավորվածություն չի եղել։