AM
21 Օգոստոս 2023 - 10:41 AMT

Ղարամյան․ Արցախում ցանկացած պահի հնարավոր է սկսվի անկառավարելի քաոս

Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Արցախում տիրող վիճակին, գրել է, որ Արցախում ցանկացած պահի հնարավոր է սկսվի անկառավարելի քաոս, որն էլ հղի է անկանխատեսելի զարգացումներով ռւ անկարգություններով:

«Սիրելի արցախցիներ՝ եկել է սթափվելու և գիտակից գտնվելու պահը՝ լինել զգոն,խոհեմ և չտրվել ավելորդ հույզերին ու էմոցիաներին…

Ընդամենը մեկ օր առաջ նախազգուշացրել էի, որ Արցախը գտնվում է քաոսի նախաշեմին,իսկ այսօր Արցախը արդեն գտնվում է քաոսի շեմին և ցանկացած պահի հնարավոր է սկսվի անկառավարելի քաոս, որն էլ հղի է անկանխատեսելի զարգացումներով ռւ անկարգություններով՝ ընդհուպ մինչև տարբեր խմբավորումների միջև արյունալի բախումների…»,-ասվում է գրառման մեջ։

Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը մինչ օրս Կոռնիձորի սահմանային հատվածում է։ Հումանիտար բեռն Արցախ մտցնելու համար հարկավոր է ստանալ տեղում ծառայություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորամիավորման համաձայնությունն ու արձագանքը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե հումանիտար շարասյան անցումը չի համաձայնեցվել Բաքվի հետ, իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե «խաղն ավարտված է»։ Նա հայտարարել է, թե Բրյուսելում կայացած հանդիպմանն, իբր, պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհն օգտագործել մատակարարումների համար՝ հավելելով, որ «այդ հարցը նշված է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարության մեջ»։ Հայկական կողմը հայտարարել է, որ նման պայմանավորվածություն չի եղել։