AM
21 August 2023 - 11:03 AMT

Նյու Յորքում հայերը բողոքի ցույց են արել ՄԱԿ-ի կենտրոնակայանի մոտ

Նյու Յորքում հայերը բողոքի ցույց են արել ՄԱԿ-ի կենտրոնակայանի մոտ Բերձորի միջանցքը բացելու պահանջով:

Քանի որ որոշակի սահմանափակումներ կային մարդկանց թվի հետ կապված և 50 հոգուց ավելի չէր կարող լինել տարածքում, ցուցարարները բաժանվել են 2 խմբի: Մի մասը բողոքի ցույցը շարունակել է ՄԱԿ-ի կենտրոնակայանի մոտ, իսկ մյուսները՝ երթով տեղափոխվել են հարևան պուրակ: Կազմակերպիչները տեղեկացրել են, որ 48-րդ փողոցում արտոնված է մեծաթիվ մարդկանց հավաքը, հայտնում է «Առավոտը»։

«Պիտի օգտագործենք այն բոլոր լծակներն ու խողովակները, որ կան»,-ասել է ցույցի կազմակերպիչներից «Ալիք մեդիայի» հիմնադիր Արսեն Խառատյանը:

«Սփյուռքի համայնքներին պետք է ակտիվացնել, քնից արթնացնել, հիշեցնել, որ երբ մենք կանք, միասին ենք, և ուժ ենք»,-ասել է նա:

«Մենք երբեք չենք հաշտվի Արցախը կորցնելու հետ, դրա իրավունքը չունենք, ժամանակին կորցրել ենք Մասիս սարը, Դվինն ու Աղթամարը, ու հիմա էլ, եթե հաշվենք, բոլորս վտանգվելու ենք: Արցախը կորցնելով՝ կբացենք Հայաստանի դարպասները եւ կկորցնենք մնացած տարածքները»,-ասել է ցույցի մասնակիցներից մի տիկին:

Նյու Յորքի ցույցի մասնակից հայկական համայնքի ներկայացուցիչները բարձրաձայնել են Արցախում առկա ծանրագույն իրավիճակի, սովամահության և ահագնացող աղետի մասին:

Ցույցին մասնակցում էր, նաև ելույթով հանդես եկավ Armenian National Association-ի հիմնադիր ղեկավար Դոնալդ Վիլսոն Բուշը, որի տիկինը հայուհի է։ Դոնալդ Վիլսոն Բուշը Վուդրո Վիլսոնի ժառանգներից է:

Oգոստոսի 16-ին Նյու Յորքում տեղի է ունեցել Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը։ Հայաստանը օգոստոսի 11-ին դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով, որ Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարի։

Անվտանգության խորհրդի անդամ 15 երկրի ներկայացուցիչների մեծ մասը համակարծիք էր մարդասիրական խնդիրնեը չեն կարող օգտագործվել որպես մահակ120,000 մարդու իրավունքները ճնշելու համար: Դիվանագետների մեծ մասը հստակ ընդգծում էր Լաչինի միջանցքը պետք է բացվի, մյուսները հնարավոր էին համարում նաև այլ երթուղիների գործարկումը: