Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի ընդունի Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լաբիբին, որը ժամանում է Բաքու տարածաշրջանային այցի շրջանակում, հայտնում է APA-ն։
Նշվում է, որ Ալիևը չի ընդունի Բելգիայի ԱԳ նախարարին վերջինիս «հայամետ դիրքորոշման և Հայաստանում հնչեցրած չհիմնավորված հայտարարությունների պատճառով»։
«Լաբիբը Հայաստան կատարած այցի ժամանակ հնչեցրել է իրողություններից հեռու հայամետ հայտարարություններ, որոնք չեն համապատասխանում իրավիճակին տարածաշրջանում»,-ասվում է հրապարակման մեջ։
Լաբիբը կհանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Բելգիայի ԱԳ նախարարը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Բելգիան խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակով և դրա վատթարացմամբ և ասել է, որ Լաչինի միջանցքով տեղափոխման սահմանափակումը լուրջ հետևանքներ է ունենում և հիվանդության ու սովամահության սպառնալիքներ է առաջացնում
Նա ասել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հաղթահարելու միակ ճանապարհը բանակցություններն ու փոխզիջումներն են և որ ասելու է այդ մասին նաև Բաքվում։