AM
24 August 2023 - 09:01 AMT

Արցախի ԱԳՆ-ն՝ Բարդայում հնարավոր հանդիպման մասին․ Ադրբեջանի տարածքում ցանկացած հանդիպում ռիսկային է

Արցախի ԱԳՆ-ն արձագանքել է BBC-ի ադրբեջանական ծառայության տարածած տեղեկատվությանը, թե Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հակված են համաձայնել Աղդամի ճանապարհի բացմանը, և, որ առաջիկա օրերին այս հարցով կողմերի միջև հանդիպում է կայանալու Բարդայում՝ նշելով, որ Ադրբեջանի տարածքում ցանկացած հանդիպում ռիսկային է։

«Ցանկանում ենք հատուկ ընդգծել, որ արցախյան կողմը մշտապես հանդես է եկել խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման դիրքերից։ Միաժամանակ, նման բանակցությունները պետք է ընթանան կողմերի միջև համաձայնեցված միջազգային ձևաչափի շրջանակներում, ինչը թույլ կտա երաշխավորել, որ բանակցություններն ընթանում են միջազգային իրավունքի նորմերին ու պահանջներին համապատասխան։ Արցախյան կողմը բազմաթիվ անգամ միջնորդների միջոցով հանդես է եկել հանդիպումների մասին նախաձեռնություններով, ադրբեջանական կողմը սակայն մերժել է դրանք:

Հավելենք, որ ցանկացած հանդիպում Ադրբեջանի տարածքում, առավել ևս առանց միջազգային միջնորդների ներկայության, բավականին մեծ ռիսկեր է պարունակում` հատկապես հաշվի առնելով ԿԽՄԿ մանդատի ներքո գտնվող Վագիֆ Խաչատրյանի առևանգման փաստը, այն էլ ՌԴ խաղաղապահների ներկայությամբ։

Ինչ վերաբերում է Աղդամի ճանապարհին, ապա ԱՀ նախագահի մամուլի խոսնակն անդրադարձել է այդ թեմային»,- ասված է ԱԳՆ-ի պատասխանում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանն Արմենպրեսին ասել է, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 22-ին և 23-ին փակ քննարկումներ է անցկացրել պետական, քաղաքական և հանրային տարբեր շրջանակների հետ, դրանց ընթացքում քննարկել ադրբեջանական պաշարման հետևանքով ստեղծված հումանիտար և անվտանգային խնդիրները, Արցախի անելիքները և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ տարբեր միջնորդական առաջարկները:

«Որևէ որոշում չի կայացվել, քննարկումները շարունակվում են, և նախագահ Հարությունյանը առաջիկայում իրավիճակի և իշխանությունների մոտեցումների վերաբերյալ տեղեկությունները հանրայնացնելու է անձամբ»,- նշել է Ավանեսյանը։