Արցախ վերջին անգամ դեղորայք է ներկրվել հուլիսի 7-ին, պարեն՝ հունիսի 14-ին։ Այդ մասին ասվում է Արցախի ԱԳՆ-ի Twitter-ի միկրոբլոգում։
«Քանի դեռ (Ադրբեջանի նախագահի օգնական,- խմբ.) Հիքմեթ Հաջիևը ջանք չի խնայում «ապացուցելու համար», որ Լաչինի միջանցքը բաց է, միջազգային հանրությունը պատասխանում է դրան ԿԽՄԿ հայտարարությամբ այն մասին, որ «դեղորայքի վերջին մատակարարումը Լեռնային Ղարաբաղ իրականացվել է հուլիսի 7-ին, իսկ պարենինը՝ հունիսի 14-ին»,- ասվում է գրառման մեջ։
Լաչինի միջանցքն ադրբեջանցիները փակել են 2022-ի դեկտեմբերի 12-ից։ Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը մինչ օրս Կոռնիձորի սահմանային հատվածում է։ Հումանիտար բեռն Արցախ մտցնելու համար հարկավոր է ստանալ տեղում ծառայություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորամիավորման համաձայնությունն ու արձագանքը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե հումանիտար շարասյան անցումը չի համաձայնեցվել Բաքվի հետ, իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե «խաղն ավարտված է»։ Նա հայտարարել է, թե Բրյուսելում կայացած հանդիպմանն, իբր, պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհն օգտագործել մատակարարումների համար՝ հավելելով, որ «այդ հարցը նշված է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարության մեջ»։ Հայկական կողմը հայտարարել է, որ նման պայմանավորվածություն չի եղել։