AM
24 August 2023 - 11:06 AMT

Կրիվոպուսկովին թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ

Օգոստոսի լույս 24-ի գիշերը «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ ծառայությունը թույլ չի տվել ՀՀ մուտք գործել Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» նախկին ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովին։ Այդ մասին հայտնել է ինքը Կրիվոպուսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ինձ թույլ չտվեցին երկիր մտնել, Հայաստանի համար անցանկալի անձ հայտարարեցին, անձնագիրս վերցրեցին։ Պաշտոնական թուղթ ցույց չեն տվել, բայց դե ես հասկանում եմ, որ եթե սահմանը չբացեցին ինձ համար, անձնագիրս չվերադարձրին․․․ Ինձ ասացին, որ հենց այսօր վերադառնամ Մոսկվա»,- ասել է նա։

Կրիվոպուսկովը եղել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավարը 2009-2013 թթ.:

ՀՀ պետմարմինները չեն մեկնաբանել միջադեպը։

Ավելի վաղ ՀՀ թույլ չեն տվել մտնել News Media հրատարակչատան գլխավոր տնօրեն և նախագահ Արամ Գաբրելյանովին, ՌԴ Պետդումայի ԱՊՀ գծով կոմիտեի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին, RT գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին։