AM
25 August 2023 - 09:45 AMT

Le Figaro. Ֆրանսիան պատրաստվում է Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ին բանաձև ներկայացնել

Ֆրանսիան պատրաստվում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։ Տեղեկությունն իր հրապարակման մեջ գրել է ֆրանսիական հեղինակավոր Լե Figaro ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան Քրիստոֆ Բյուիսոնը:

Մասնավորապես՝ Բյուիսոնը գրում է, որ բանաձևն ուղղված է Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչների օգնությանը, որոնք սովամահության եզրին են գտնվում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու պատճառով, հայտնում է Sputnik Արմենիան։

Փարիզը և Ֆրանսիայի հիմնական շրջանները հաջորդ շաբաթ մարդասիրական ավտոշարասյուն կուղարկեն Հայաստան։

Նա գրել է, որ 120 հազար տղամարդկանց, կանանց և երեխաների կյանքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ձեռքում է։

Բյուիսոնը հիշեցրել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի փակումի պատճառով ԼՂ բնակչությունը, որը բացառապես հայկական է, փորձության է ենթարկվում։

Լրագրողը նաև նշել է, որ քաղաքացիները զրկված են տարրական կենսագործունեության միջոցներից, դեղերից, բենզինից, սննդից, ինչպես նաև էլեկտրականությունից, ջրից և ինտերնետից, որի հասանելիությունը պարբերաբար փակում են նրանց շրջապատող ադրբեջանցիները։

Բյուիսոնը նաև նշել է, որ արգելափակման և պարենի բացակայության պայմաններում քաղաքացիական բնակչության շրջանում մի քանի մահ է գրանցվել:

Oգոստոսի 16-ին Նյու Յորքում տեղի է ունեցել Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը։ Հայաստանը օգոստոսի 11-ին դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով, որ Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարի։

Անվտանգության խորհրդի անդամ 15 երկրի ներկայացուցիչների մեծ մասը համակարծիք էր մարդասիրական խնդիրնեը չեն կարող օգտագործվել որպես մահակ120,000 մարդու իրավունքները ճնշելու համար: Դիվանագետների մեծ մասը հստակ ընդգծում էր Լաչինի միջանցքը պետք է բացվի, մյուսները հնարավոր էին համարում նաև այլ երթուղիների գործարկումը: