Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն արձագանքել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր առաջարկներ փոխանցելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ նշելով, թե հայկական կողմը նոր ռեկորդ է սահմանել՝ առաջարկներն ուղարկելուց ընդամենը 40 րոպե անց հայտարարություն անելով։
Բայրամովն այդ մասին խոսել է Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լաբիբի հետ համատեղ ասուլիսում, հայտնում է Interfax.az-ը։
«Երևանը որպես կանոն 30-ից 60 օր անպատասխան է թողնում Ադրբեջանի ուղարկած առաջարկները, բայց հենց որ ինքն է առաջարկում, անմիջապես հայտնում է այդ մասին։ Իսկ այսօր Հայաստանը նոր ռեկորդ է սահմանել՝ ԶԼՄ-ներին հայտնելով այդ մասին առաջարկությունները ուղարկելուց 40 րոպե անց։ Սա ցույց է տալիս, թե որ կողմն է ավելի լուրջ մոտենում գործընթացին և ով է իրականում շահագրգռված, իսկ ով է գերադասում վերնագրերն ու քաղաքական հայտարարությունները»,-ասել է Բայրամովը։
Բայրամովը նաև ասել է, որ Բաքվի համար կարևոր է վերջնական արդյունքը։
«Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները բազում փուլերից բաղկացած գործընթաց է, որի մասն են հանդիսանում առաջարկները։ Բաքվի համար վերջնական արդյունքն է կարևոր»,-ասել է նա։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի ընդունի Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լաբիբին, որը Բաքվում է տարածաշրջանային այցի շրջանակում։ Հայտարարվել է, որ Ալիևը չի ընդունի Բելգիայի ԱԳ նախարարին վերջինիս «հայամետ դիրքորոշման և Հայաստանում հնչեցրած չհիմնավորված հայտարարությունների պատճառով»։
Բելգիայի ԱԳ նախարարը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Բելգիան խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակով և դրա վատթարացմամբ և ասել է, որ Լաչինի միջանցքով տեղափոխման սահմանափակումը լուրջ հետևանքներ է ունենում և հիվանդության ու սովամահության սպառնալիքներ է առաջացնում։ Նա ասել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հաղթահարելու միակ ճանապարհը բանակցություններն ու փոխզիջումներն են և որ ասելու է այդ մասին նաև Բաքվում։