AM
25 August 2023 - 10:48 AMT

Մակրոնը՝ Արցախի շրջափակման մասին․ Այլևս դիվանագիտության ժամանակը չէ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Le Point-ին տված հարցազրույցում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը, ասել է, որ այլևս դիվանագիտության ժամանակը չէ։

Le Point-ի հարցը հետևյալն էր․ «Դուք խոսեցիք մինչև Կովկաս հասնող ավելի ընդարձակ Եվրոպայի մասին… 2020 թվականին դուք ասացիք, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վերանվաճումն անթույլատրելի է, բայց Ադրբեջանն ութ ամիս է՝ շրջափակել է տարածաշրջանը։ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն շրջափակումն անվանել է ցեղասպանություն սովի միջոցով։ Ի՞նչ եք Դուք անում», գրում է Factor.am-ը։

Մակրոնը պատասխանել է․ «Մեր մոտեցումը հստակ է, մենք ցավում ու դատապարտում ենք, բայց այլևս դիվանագիտության ժամանակը չէ։ Մենք միշտ ասել ենք, որ կողմ ենք ժողովրդի ինքնիշխանությանը։ Լեռնային Ղարաբաղի հարցը բարդ է։ Ես չեմ կարող անդրադառնալ այս թեմայի ամենասուր կողմերին: Ֆրանսիան հստակորեն դատապարտեց 2020 թվականի պատերազմը և մի քանի մարդասիրական օգնություն կազմակերպեց։ Այսօր մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվի տևական խաղաղություն և պաշտպանված լինեն ժողովուրդներն ու մշակույթները: Այս խաղաղության պայմանագիրն անհրաժեշտություն է, բայց այն պետք է համապատասխանի միջազգային իրավունքին»։

Նա նաև նշել է, որ ձեռնպահ կմնար ցեղասպանություն տերմինը հապճեպ գործածելուց:

«Մենք ունենք հումանիտար իրավիճակ, որն անընդունելի է հատկապես Լաչինի միջանցքի փակման հետևանքով։ Ֆրանսիայի դերը հումանիտար հասանելիության հարցում ճնշում գործադրելն է, և մենք շարունակում ենք մեր բոլոր ջանքերը դրան հասնելու համար: Մասնավորապես, մենք շարունակում ենք միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու համար սննդամթերքի և դեղորայքի առաքումը և Լեռնային Ղարաբաղ ազատ մուտքի պահպանումը։ Եվ բացի այդ, Հայաստանի սեփական սահմաններն են վտանգված»,-ասել է Ֆրանսիայի նախագահը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ֆրանսիան պատրաստվում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։ Այդ մասին իր հրապարակման մեջ գրել է ֆրանսիական հեղինակավոր Լե Figaro ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան Քրիստոֆ Բյուիսոնը:

Oգոստոսի 16-ին Նյու Յորքում տեղի է ունեցել Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը։ Հայաստանը օգոստոսի 11-ին դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով, որ Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարի։

Անվտանգության խորհրդի անդամ 15 երկրի ներկայացուցիչների մեծ մասը համակարծիք էր մարդասիրական խնդիրնեը չեն կարող օգտագործվել որպես մահակ120,000 մարդու իրավունքները ճնշելու համար: Դիվանագետների մեծ մասը հստակ ընդգծում էր Լաչինի միջանցքը պետք է բացվի, մյուսները հնարավոր էին համարում նաև այլ երթուղիների գործարկումը: