AM
28 August 2023 - 11:24 AMT

Ադրբեջանցիներն արցախցուց առգրավել են Արցախի խորհրդանիշով նարդին

Լաչինի միջանցքում ապօրինաբար տեղակայված ադրբեջանական անցակետում արցախցուց առգրավել են Արցախի խորհրդանիշով նարդին։ Արցախցին անցակետն անցնելիս է եղել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցների ուղեկցությամբ, հայտնում է «Փաստինֆոն»։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ սահմանային ծառայության աշխատակիցները զննել են արցախցու ձեռքի ուղեբեռը, որում էլ գտել են Արցախի տատիկ-պապիկի արձանի պատկերով նարդու տախտակը. այն անմիջապես առգրավվել է։

Լաչինի միջանցքն ադրբեջանցիները փակել են 2022-ի դեկտեմբերի 12-ից։ Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը մինչ օրս Կոռնիձորի սահմանային հատվածում է։ Հումանիտար բեռն Արցախ մտցնելու համար հարկավոր է ստանալ տեղում ծառայություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորամիավորման համաձայնությունն ու արձագանքը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե հումանիտար շարասյան անցումը չի համաձայնեցվել Բաքվի հետ, իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե «խաղն ավարտված է»։ Նա հայտարարել է, թե Բրյուսելում կայացած հանդիպմանն, իբր, պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհն օգտագործել մատակարարումների համար՝ հավելելով, որ «այդ հարցը նշված է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարության մեջ»։ Հայկական կողմը հայտարարել է, որ նման պայմանավորվածություն չի եղել։