AM
29 August 2023 - 10:25 AMT

Հարությունյան․ Քննարկվել է նախագահի պաշտոնում իմ մնալ-չմնալու հարցը՝ վաղը, մյուս օրը կորոշենք

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Ազգային ժողովում 6 ժամից ավելի տևած խորհրդակցությունից հետո Վերածննդի հրապարակում հավաքվածներին ասել է, որ քննարկվել է նախագահի պաշտոնում իր մնալ-չմնալու հարցը։

«Վաղը, մյուս օրն ավելի նեղ կազմով կորոշենք, եթե պետք լինի, որ ես հրաժարական տամ․․․»,-ասել է նա, գրում է Aysor.am-ը։

Նախագահի ելույթն ուղեկցվում էր արցախցիների սուլոցներով։ Արայիկ Հարությունյանը նրանց հարց է տվել․ «Ինձ հավատո՞ւմ եք»։ Արցախցիները միաբերան պատասխանել են․ «Ո՛չ»։

Հարությունյանը երաշխավորել է, որ Լաչինի միջանցքից առևանգված երեք ուսանողը շատ շուտով կլինեն Ստեփանակերտում, հայտնում է «Ազատությունը»։

«Հուսադրող որոշակի լավ բաներ ունեմ՝ առանց բարձրաձայնելու։ Ես կփորձեմ կապ ստեղծել, որպեսզի խոսեմ մեր բալիկների հետ և իրենց ներկայությամբ ստանամ հստակ օր, որը շատ երկար չի լինելու, որ նրանք տեղ են հասնելու, նրանք անձամբ կլսեն այդ պաշտոնյայի անունից, ով բերելու է, թողելու է մեր բալիկներին Ստեփանակերտում, ես դա երաշխավորում եմ»,-ասել է նա։

Հարությունյանը նաև ասել է, որ գործելու է մի ճանապարհ՝ Լաչինով ճանապարհը, ուրիշ տեղով մթերք չեն բերելու, հայտնում է «Ազատությունը»։

«Սով, ամեն ինչի պակաս, մեր հղի կանայք արդեն ստիպված, ֆիզիոլոգիական պատճառներով կորցնում են չծնված երեխաներին, մեր ամեն 3-րդ մահն այսօր թերսնման արդյունք է։ Ինչո՞ւ ենք մենք ուշացել, դուք կարող եք ինձ հայհոյել, վիրավորել, քննադատել, ուղղակի ուզում եմ ներողմիտ լինեք, հասել ենք այս վիճակին, որովհետև հավատացել ենք բոլորին՝ գերտերություններին, ՄԱԿ-ին», – փորձեց ստեղծված իրավճակը բացատրել Հարությունյանը՝ միաժամանակ նշելով, որ շատ երկար են քննարկել՝ 6 ժամ, բայց միասնական որոշում չեն կայացրել։

«Բայց ես, որպես երկրի նախագահ, պարտավոր եմ այդ որշումը ասել։ Եթե չհարգվի ժողովրդի կողմից, ապա դա այլ հարց է։ Շատ կարճ՝ մի քանի օրվա ընթացքում պետք է լուծենք մեր հացի խնդիրը, հումանիտար խնդիրը․․․Գործելու է մի հատ ճանապարհ, դա Լաչինով ճանապարհն է, ուրիշ տեղով մթերք չենք բերելու»,-ասել է նա։

Նրա ելույթը պարբերաբար ցուցարարները ընդհատում էին վրդովմունքի ձայներով։

Լաչինի միջանցքն ադրբեջանցիները փակել են 2022-ի դեկտեմբերի 12-ից։ Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը մինչ օրս Կոռնիձորի սահմանային հատվածում է։ Հումանիտար բեռն Արցախ մտցնելու համար հարկավոր է ստանալ տեղում ծառայություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորամիավորման համաձայնությունն ու արձագանքը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե հումանիտար շարասյան անցումը չի համաձայնեցվել Բաքվի հետ, իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե «խաղն ավարտված է»։ Նա հայտարարել է, թե Բրյուսելում կայացած հանդիպմանն, իբր, պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհն օգտագործել մատակարարումների համար՝ հավելելով, որ «այդ հարցը նշված է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարության մեջ»։ Հայկական կողմը հայտարարել է, որ նման պայմանավորվածություն չի եղել։