AM
29 August 2023 - 10:27 AMT

Առևանգված արցախցիները 10 օրյա վարչական կալանքի կենթարկվեն Ադրբեջանում․ Քրհետապնդումը դադարեցվել է

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդել է, որ «Լաչինի սահմանային կետում ձերբակալված հայ ֆուտբոլիստների» նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հաշվի առնելով նրանց տարիքն ու «անկեղծ զղջումը»։

Արցախցի տղաները կենթարկվեն 10 օրյա վարչական կալանքի, որից հետո կարտաքսվեն Ադրբեջանից, գրում է Haqqin.az-ը։

«Վարչական ազատազրկման պատիժը կրելուց հետո կապահովվի նշված անձանց Ադրբեջանի Հանրապետության սահմաններից հեռացնելը»,- ասվում է Ադրբեջանի դատախազության հաղորդագրության մեջ։

Օգոստոսի 28-ին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Լաչինի միջանցքում՝ Հակարիի անօրինական անցակետով անցնելիս, Արցախի 3 բնակիչ՝ Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը, Լևոն Գրիգորյանը, ձերբակալվել են ադրբեջանցիների կողմից։ Նրանք ուսանողներ են և մեկնում էին ՀՀ ուսումը շարունակելու նպատակով։ Ավելի ուշ հաղորդվեց, որ Ադրբեջանը նրանց մեղադրում է իր «դրոշն անարգելու մեջ»

Հուլիսի 29-ին ադրբեջանցիները Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում առևանգել են որպես բուժառու ՀՀ մեկնող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ առևանգված Բաքվի հիվանդանոցներից մեկում է։ Նրա գտնվելու վայրի մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Նրան մեղադրանք են առաջադրել 1991 թվականի Խոջալուի Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերին վերաբերող մտացածին գործի շրջանակներում։